ԻՐԻԿՎԱՆ ԵՐԳԸ


Իրիկվններն ինչո՞ւ հոգին
Կզգա թախիծ մ’անսահման,
Արդյոք սո՞ւգն է եղերական
Մահվանն անուշ արևին:

Խավարին հետ, որ երկնքեն
Կհեղեղե հորդառատ,
Սրտին մեջ ալ մառախլապատ
Տրտմություններ կ’անձրևեն:

Օրվան խոնջենքն ի հուշ կ’ածե
Սին հոգնությունը կյանքի.
Եվ աչքն, ուր քունը կհածի,
Մահվան պաղ քունը կ’ըգե:

Կմեռնի լույսն, ու կմարին
Ձայներն, աշխարհը կխոկա.
Եվ հոգույն մեջ, որ կմութնա,
Կտժգունի բոցն հույսին:

Կ’ամփոփվի մարդ, հուշք կ’արթննան,
Անցյալին հուշք չարագույն.
Ու վաղը, վա՛ղն, ո՜վ ձանձրություն,
Պետք է կրկնել միշտ նույն բան…