ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ քարաւանը Աբու-Լալաի աղբիւրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ, հեզ լուսնկայի շողերի միջով:

Եւ լուսինն, ինչպէս ջեննեթի մատաղ, փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ`
Մերթ ամաչելով պահւում էր ամպում եւ մերթ թռթռուն փայլում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրեան, ադամանդներով, շքեղ գինդերով,
Ծիածանաթեւ հաւքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բոյրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերուայ,
Արմավն ու նոճին անոյշ քնի մէջ` օրօրւում էին ճամբէքի վրայ:

Հովի զրոյցն ունկն դնելով Աբու Մահարին խօսում էր անձայն.-
-Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դիւթական:

Եւ ո՞վ է հիւսել հեքիաթն այս վսեմ, հիւսել աստղերով, բիւր հրաշքներով,
Եւ ո՞վ է պատմում բիւր-բիւր ձեւերով` անդուլ ու անխոնջ` այսպէս թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել, եւ չեն ըմբռնել իմաստը նըրա.
Բանաստեղծներն են հասկացել դոյզն ինչ, եւ թոթովում են հնչիւններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, եւ չի լսելու վախճանը նըրա,
Ամէն հնչիւնը դարեր է ապրում, ամէն հնչիւնին վերջ, սկիզբ, չկայ:

Բայց ամէն մի նոր ծնուածի համար նորից է պատմւում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսւում եւ վերջանում է ամէն մի մարդու կեանքի հետ մէկտեղ:

Կեանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ – անցնող քարաւան,
Որ հեքիաթի մէջ, վառ երազի հետ, չւում է անտես դէպի գերեզման:

Կոյր ու գուլ մարդի՛կ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ էք հանում, եւ դարձնում աշխարհն ահաւոր ջեհնեմ:

Ձեր օրէնքները – լուծ ու խազարան, եւ անելք մի զանզ խօլական սարդի,
Եւ որոնց ժահրով թունաւորում էք երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի՛ մարդիկ, փոշի կը դառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եւ ժամանակի ձեռքը անտարբեր կը սրբէ-կ’աւլե պիղծ հետքերը ձեր:

Եւ ունայնաշունչ հողմը կը շաչէ ձեր ոսկորների քարերի վըրայ,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկեայ:-

Գոհար աստղերի քարաւանները թափառում էին երկնի ճամբէքով,
Եւ ղօղանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշէջ զընգոցով:

Եւ արար-աշխարհ լցուած էր, դիւթուած բիւր նուագներով յաւերժ երկնային,
Եւ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:

-Գնա՛, քարաւան, մեղմ հնչիւններդ հիւսելով երկնի լոյս-ղօղանջի հետ,
Վիշտս տո՛ւր հովին, քայլի՛ր բնութեան ծոցը մայրական եւ մի՛ նայիր ետ:

Տա՛ր ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռաւոր, մենաւոր ափեր.
Սուրբ մենակութիւն, դո՛ւ, իմ օազիս, դո՛ւ, երազների աղբիւր զովաբեր:

Լռութեան երկինք, խօսրի դու ինձ գետմ աստղերիդ լեզուով եւ ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցուած, մարդուց խայթըւած վիրաւոր հոգիս:

Իմ մէջ այրւում է մի անյագ կարօտ կարեկից մի սիրտ` լացող յաւիտեան.
Եւ իմ հոգում կայ մի չքնաղ երազ, ե՛ւ սուրբ արտասուք, ե՛ւ սէր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրայ իշխող ո՛չ մի զօրութեան,
Ո՛չ օրէնգ, սահման, ո՛չ ճակատագիր, ո՛չ չար ու բարի, եւ ո՛չ դատասան:

Իմ գլխի վերեւ չպէտք է լինի ո՛չ մի հովանի, ո՛չ մի իրավունք,
Եւ իմ կամքից դուրս ամէն ինչ բանտ է, ե՛ւ ստրկացում, ե՛ւ բռնադատում:

Ես կ’ուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլեւ անաստուած,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատութեան` անհուն, անտարած:-

Եւ քարաւանը հիւսւում էր առաջ, եւ նըրա վերեւ շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն յաւերժափայլ աչքերը գոհար:

Եւ կանչում էին նրան կաթոգին լոյս թարթումները ոսկի աստղերի,
Եւ հոգին լցնում վսեմ ղօղանջով երկնքի հազար բիւրեղ զանգերի:

Վճիտ գիշերի դիւթական ցոլքով փայլում էր ուղին փիրուզեայ հեռւում,
Եւ քարաւանը` օրօր ու շօրօր, քայլում էր անդորր փիրուզեայ հեռուն…