ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ քարաւանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգւում էր առաջ ղօղանջիւններով յուզուած զանգերի:

-Ի՞նչ է ընկերը...-կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու Մահարին.-
Ծոցիդ մէջ սեւ օձ, մահիճդ պղծող... Թռի՛ր, քարաւան, ընկեր մտերիմ:

Եւ ուր որ կ'երթաս, այնտեղից նորէն գնա ու գնա, առանց հանգրուան.
Իմ բարի ճամբայ, տար ինձ, կորցրու, չքուիմ, տանջանքս մարդիկ չիմանան:

Եւ ի՛նչ ենք թողել, ի՞նչ կայ մեր ետեւ, որ մեզ պատրանքով ետ կանչէ նորից,
Փա՞ռք, գա՞նձ, օրէնքնե՞ր եւ իշխանութի՞ւն... Թռիր, հեռացիր բոլոր-բոլորից:

Եւ ի՞նչ է փառքը.- այսօր քեզ մարդիկ եղջիւրներից վեր կը բարձրացնեն,
Վաղը նոյն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վայր կը նետեն:

Ի՞նչ է պատիւը, յարգանքը մարդկանց, - լոկ ոսկուց – վախից յարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում եւ քեզ հարուածում:

Եւ ի՞նչ է գանձը, որով յիմարը տիրում է մարդկանց, ե՛ւ հանճար, ե՛ւ սէր,-
Բիւրաւորների քամուած արիւնը, մեռելների միս, որբի արցունքներ:

Ի՞նչ է ամբոխը – մեծ յիմարն է նա, ոգին հալածող եւ տարրը չարի,
Բռնութեան խարիսխ, ե՛ւ սուր երկսայրի , ե՛ւ զայրոյթի մէջ գազան վիթխարի:

Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ, եւ անհատն այնտեղ անշղթայ գերի,
Ե՞րբ է հանդուրժել հոգու թռիչքին եւ սլացումին վսեմ մտքերի:

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լաւն ու վատը – ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահաւասար եւ միանման:

Ատում եմ, աւաղ, ե՛ւ հայրենիքը – պերճ արօտավայր հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդէպ:

Ի՞նչ է օրէնքը,- մարդկանցից օրհնած բիրտ ուժերի այդ սուրը դաժան,
Անզօրի գլխին կախուած յաւիտեան, խեղճին խողխողող, հզօրին պաշտպան:

Ե՛ւ իրաւունքը, ե՛ւ օրէնքները բոլոր զայրոյթով ատում են, ատում,
Գարշ իրաւունքով բռնաբարում են, եւ գարշ օրէնքով լլկում ու մորթում:

Եօթն անգամ ահա՛ ատում եմ, ատում իշխանութիւնը – սերունդներ լափող.
Անյագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների յաւերժ յերիւրող:

Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա եւ մեծն աւազակ,
Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ վոհմակ:

Նա հրէշի պէս կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,
Եւ ամէն քայլիս շղթայ է զարկել, փականք է դրել լեզուիս ու մտքիս:

Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամէնուր հասնում, ճզմում է մարդում,
Եւ իրաւունքի դաժան անունով բիւր կառափներից բուրգեր է կերտում:

Եւ ամէն ինչ է իշխանութիւնը – իրաւունք, օրէնք եւ արդարութիւն.
Նա ինքն է խիղճը եւ չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու` ոչնչութիւն:

Եւ նզովում եմ իշխանութիւնը` հազարաճիրան մոլի բորենին.
Իր ամէն քայլը` արիւնի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:

Ապիկա՛ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տուեց սուրը նմանիդ ձեռին,
Ո՞վ տուեց նրան վրէժի իրաւունք իշխել. խողխողել իր նմաններին:

Տա՛ր ինձ, քարաւան, իժերին յանձնիր, թաղիր հէգ սիրտս աւազների տակ,
Տա՛ր ինձ, ազատիր իշխանութիւնից, ազատիր նըրա հովանուց վայրագ:-

Խօլ կայծակները հրէղեն սրով ծուատում էին վաշտերն ամպերի
Եւ արշաւասոյր` փշրւում էին ճերմակ բաշերին հեռու լեռների:

Եւ մրրիկները մռնչում էին, արմաւն ու նոճին շաչում, շառաչում.
Եւ քարաւանը կամուրջ քանդելով եւ քառատըրոփ վազում էր, թռչում:

Վազում էր, թռչում, զրը՛նգ, հա զրը՛նգ, փոշու ամպերով ծածկելով ճամբէն,
Ասես փախչում էր չար իշխանութեան քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն: