ՎԵՐՋԻՆ ՍՈՒՐԱՀ

Եւ ուղտերն, իբրեւ ոսկի մակոյկներ, հուր ալիքները ծով-անապատում
Ճեղքելով արագ սլանում էին դէպի բոցավառ, լուսավառ հեռուն:

Եւ ոչ մի սամում հրաշունչ թեւով չէր կարող հասնել նրանց արշաւին,
Նրանց թռիչքին չէր կարող հասնել սլացքը նետի վայրի բեդուինի:

Վուհադիներից զով սիւք էր բերում վառ քասիդները այրող կարօտի,
Դայլայլում էին կաթնաղբիւրները երազներն իրենց կուսական սրտի:

Եւ հեքիաթների լոյս փերիները մայր-արմաւենու քնքույշ սօսիւնով
Համբոյր ու ողջոյն ուղարկում էին եւ կանչում նրան գաղտնի խոստումով:

Բայց Աբու-Լալան չէր ուզում լսել սիրոյ ողջոյնին, գողտրիկ սօսաւին,
Թռչում էր անյարգ` դէպի արեւը, եւ ինքն էլ պայծառ` նման արեւին:

Իսկ սերաբները նոր տեսիլներով բիւր պատրանքների, հրապոյրների`
Թռցնում էին կախարդուած հոգին ոսկի թեւերով լոյս-անուրջների:

Ուղտերը արձակ պարուսաններով հուժկու, մոլեգին, այնպէս խօլաբար
Սլանում էին, ճախր էին առնու հրեղէն թափով, խենթ ու խելագար:

Եւ արեգական վառ ցնցուղի տակ բոցկլտում էին ուղտերը զուարթ.
Եւ բարձրաղօղանջ կայլակում էին զանգակներն ազատ, ցնծուն լուսազարդ:

Աբու Մահարին արծուի նման աչքերն անքթիթ` արեւին յառած,
Թռչում էր աննինջ հոգին լուսարբած եւ երանութեան ջահերով վառուած:

Նրա ետեւում լոկ անապատն էր փռուած հոլանի` լոյսերի ծոցում,
Իսկ գլխի վերեւ արեւն էր նազում շափիւղեայ վարսերն անծիր տարածուն:

Եւ ոսկեփրփուր ծիրանին ուսին, Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` յաղթական ու վեհ, դէպի արեւը, անմահ արեւը…