Մայրը (Շիրակի ավանդավեպ)

Անտառներում` աշնան թափուր,
Երբ թաց խավարն է իջնում,
Երբ դաշտերում մերկ ու տխուր,
Ցուրտ քամին շառաչում,-
Ամեն անգամ ըզգում եմ նոր
զրույցն այս խեղճ պառավ մոր:
Եվ խորհում եմ, թե արդյոք ո՞ւր,
Մեզնից մոտիկ կամ հեռուն,
Որ անտերունչ խեղճին հիմա
Չարի ձեռքն է հարվածում…

Չգիտեմ` ե’րբ և ո’ր շենում
Իրեն որդու, հարսի քով
Մի խեղճ պառավ մայր էր կենում,
Ծանըր ականջ, կույր աչքով:
Ոտ ու ձեռից ընկած,անճար,
Հաց չտային, չէր ուզում.
եվ օրն ամբողջ նրանց համար
Աաղոթքներ էր մրմնջում:

-Օ’ֆ-ասում էր հարսն ամեն օր,
Մերըդ բեռ է իմ վըրա.
Բանըս թողած` օրը բոլոր
Փեշն եմ բռնել ես նըրա:
Աչքը` անկուշտ, ինչքան որ տամ,
Միշտ անեծքը բերանին,
Նստել է մեր շնչի վրան,
Տար, կորցրու` ազատվիմ…
-Ա’յ կին, ի՞նչ չար բան կըխոսաս,
Մարդ էլ ծնող մորն էսպես…
Կբարկանա աստված վրաս,
Մեղա’ աստծու, մեղա’ քեզ:

Բայց ամեն օր հարսն անողորմ
Ամուսնու սիրտն էր կրծում,
Եվ խստաբար պահանջում էր
Իր չար կամքին գոհացում:
Ու մի օր էլ ճըչաց, լացեց,
Պոկեց մազերը գլխից,
Վրա պրծավ, դուռը բացեց,
Թե մորըդ տար իմ տնից.
Թե ոչ` հիմի դուրս կթռնի
Ու կըձենե աշխարհում,
Թե մարդն իրեն օր չի տալի,
Թե ուրիշին է սիրում:

Թշվառ մարդն էր. ճարը կտրած,
Վերցըրեց մորը պառավ,
Անգութ հարսի աչքի առաջ
Պարկը դրեց, ուսն առավ:
Գլուխը կոր`ճամփա ընկավ,
Միտքը` մռայլ ու խոլոր,
Սև ամպերից գիշերն իջավ,
Ճամփան` մթին ու մոլոր:

Ուշ գիշերին հասավ անտառ,
Խոր ծմակում, ծառի տակ,
Պարկը ձըգեց- մորը անճար
Ձըգեց անտեր ու մենակ:

Աշնան քամին էր հե’կլտում,
Գայլն էր տալիս կալանչին.
Ոտքը փոխեց, որ դառնար տուն,
Մոր ձայնն հասավ ականջին.
-Երթաս բարով, աստված քեզ հետ,
Ոտքդ քարի թող չգա.
Տղա’ս, վերցրու պարկը քեզ հետ,
Պարկը տանը պետք կըգա: