Որսկան ախպեր

-Որսկան ախպեր, սարէն կու գաս,
Սարի մարալ կը փընտռես.
Ասա՛, եարաբ դուն չըտեսա՞ր
Իմ մարալըս, իմ բալէս.

Դարդի ձեռքէն սարերն ընկաւ,
Իմ արեւս, իմ բալէս.
Գըլուխն առաւ, քարերն ընկաւ,
Իմ ծաղիկըս, իմ լալէս...

-Տեսայ, քույրի՛կ, նըխշուն բալէդ
Կարմիր-կանաչ է կապեր,
Սիրած եարի համբուրի տեղ
Սըրտին վարդեր են ծլեր:

-Որսկան ախպե՛ր, ասա, եարաբ,
Ո՞վ է հարսը իմ բալիս,
Ո՞վ է գրկում չոր գլուխը
Իմ մարալիս, իմ լալիս:

-Տեսայ, քույրիկ, դարդոտ բալէդ
Քարն է դըրեր բարձի տեղ.
Անոյշ քընով տաք գընդակն է
Կըրծքում գըրկեր եարի տեղ.

Սարի մարմանդ հովն է շոյում
Ճակտի փունջը մարալիդ,
Ծաղիկներն են վըրան սըգում,
Ազիզ բալիդ, խեղճ լալիդ...