Կուզեի լինել գարնան արեգակ

Կուզեի լինել գարնան արեգակ,
Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի,
Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ,
Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի:
Կուզեի լինել երգող շատրվան
Եվ երազներդ լուռ օրորեի ,
Կամ թե ` շողշողուն ոսկի ծիածան ,
Շուշան ճակատիդ պսակ հյուսեի:
Կուզեի լինել ալիքը ծովի
Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի,
Կամ թե ` լեռների բուրմունքը հովի,
Փարթամ մազերդ շոյելու գայի :
Կուզեի լինել երկինք աստղավառ
Քեզ, ինչպես երկրի շուրջը ,պատեի
Հազար ու հազար աչքերով գոհար ,
Քեզ ` դյութված ,արբած հավերժ նայեի:
1899.
Ալեքսանդրապոլ