ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 17. ՃԱՐԱԿՈՒՄ

Բըլուրին գաղջ կողին վըրա ընկողմանած
Սըրինգ կ'ածեմ.
Եզներըս լայն հովիտին մեջ, սըրտի երգով,
Ես կ'արածեմ:

Լուսնակն իջած է մանգաղված լուռ արտերուն
Մակերեսին.
Կը ծավալե խոզանններուն մեջեն հեզիկ
Կաթը լույսին:

Ջինջ գիշեր է: Երգս անհունե անհուն, խաղաղ,
Կը ծըփծըփա.
Եվ սըրինգըս, հովերուն հետ, իր ծակերեն
Շաղե՜ր կու լա:

Հեռո՜ւն կը լսեմ բոժոժներն իմ նախիրներուս,
Որոնք կ'արծին
Ցորյաններուն ծիղն` ոռոգված մեղրերուն մեջ
Ծիր Կաթինին:

Կը լըսեմ մուշ մուշ ճարակումն` առվեզերքի
Թուփերուն մեջ`
Ուր մոզին իր դունչը մըխած` կը բըզըքտե
Խոլորձը գեջ:

Ցուլերն ամեն, գլուխնին կախ, կարծես դյութվա՛ծ
Ինձ կ'երևան.
Գոմեշներուն բիբերն ահեղ` աստղերուն տակ
Մերթ կը շողան:

Կ'ընե միջատ մը, շուրջն անոնց, ճաճանչաթիռ
Միշտ ելևէջ:
Ճերմակ եզը, կարծես կուռք մ'է, ձուլված լուսնին
Արծաթին մեջ:

Կը ճարակի՜ն, հովուն տըված թավ պոչերնին.
Եվ կը խըմեն
Իրեն մազոտ ու բաբախոտ ականջներով
Սըրնգիս ակեն:

Կը ճարակի՜ն, բութ ակռաներն իրենց` մինչև
Կանանչանան,
Եվ որովայնն անպարագիծ լեցվի՛, լեցվի՛
Մարագի նման:

Եվ ատեն ա՛լ դաշտերուն մեջ կը մակաղին
Մեծազանգված,
Մեկը մյուսին կըռնակին վրա, որոճալով,
Դունչը դըրած:

Մինչև որ ա՛լ Արփին ծագի, լույսն արտին վրա
Իջնե սարեն,
Եվ ժողվե ցողն, հակինթ հակինթ, անոնց խոնավ
Եղջյուրներեն: