Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,-
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա'նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...

Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարվե՜ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են` լեռները մեր,
Հրաբխի բնե'րն անմեռ,
Որ լռել են, բայց չե'ն հանգել,
Քեզ լավայո'վ կարձագանքեն,
Որ լեռնե'ր է քշում-տանում...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում...
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,-
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ.
Թե բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկած,
Թե դավով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած.
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...

Նեղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում:
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,-

Մենք գահ ու թագ չե'նք ունեցել,
Եվ... արքա' է ամեն մի հայ,
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եվ... սպա է ամեն մի հայ.

Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ` ուրույն մի կերպ,
Ամեն մի հայ` մի Հայաստան
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եվ սակայն` մի`
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին
Եվ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում...

Զգո՜ւյշ գորցիր Հայաստանում: