ԵՐԳ ԳՐԻ ՄԱՍԻՆ (քաղվածքներ)

Դարեր շարունակ պատերազմներից ու աղետներից տառապած մեր ժողովուրդը դժվա՜ր թե դիմանար ու հարատևեր, եթե սրի հետ մեկտեղ չունենար իր ամենից զորավոր զենքերից մեկը` Մայրենի լեզուն, գիրը, դպրությունը:
Այնտե՛ղ, որտեղ նա չի կարողացել հաղթել սրով, հաղթել է... գրով` ծաղրելով ու ոչնչացնելով իր ոսոխներին և գալիք սերունդներին փոխանցելով իր երազը, հույսն ու հավատը:
Չնայած դարավոր աղետներին, ասպատակություններին ու թալանին, հրաշքով փրկվել ու մեզ են հասել ավելի քան 25 հազար հայկական հին ձեռագրեր, որոնք ո՛չ միայն մեր ժողովրդի առասպելական դիմացկունության և հարատևման գաղտնիքի բանալին են, այլև, Վալերի Բրյուսովի խոսքերով ասած. “Հայ ժողովրդի ազնվազարմության վկայագիրը:
Այդ ձեռագրերում անգնահատելի տեղեկություններ կան ո՛չ միայն Հայաստանի, այլև հին ու նոր աշխարհի բազմաթիվ այլ երկրների պատմության, մշակույթի ու գիտության, կենցաղի ու սովորույթների մասին:
Չէ՞ որ հինավուրց այս հողում, մարդկության ու նրա մշակույթի առաջին օրրաններից մեկում, խաչաձևվել են աշխարհի շատ ժողովուրդների բախտն ու ճանապարհները…
Հավանորեն ա՛յդ է նկատի ունեցել Իլյա Էրենբուրգը, երբ գրել է.
“Հայաստանն այն երկրների՛ց է, որն ամեն մի խորհող մարդու համար ակունք է ո՛չ միայն գեղագիտական խոր հիացմունքի, այլև` արվեստի դարավոր արմատների ու ճակատագրի մասին լուրջ խորհրդածությունների...
Այդ երկրների՛ց է Հայաստանը, որի առջև ո՛չ միայն ուզում ես խոնարհվել ու ծունկ չոքել, այլև, ինչպես այդ ընդունված է արևելյան սրբավայրերը մտնելիս, կոշիկները հանե՜լ...”:
Մեզ հասած հայոց ձեռագրերի կեսից ավելին պահվում է Երևանի Մատենադարանում, իսկ մնացածը, մեր ժողովրդի պես, ցրված է Վենետիկում ու Վիեննայում, Երուսաղեմում ու Նոր Ջուղայում, Կալկաթայում ու Զմմառում, Փարիզում ու Լոնդոնում, Բեռլինում, Մոսկվայում, Լենինգրադում, Թիֆլիսում և այլուր:
Մատենադարանի ձեռագրատուն մտնողը լսում է մեր ժողովրդի պատմության երեսուն դարերի լռությունը. լռություն, որը պերճախո՜ս է ամեն խոսքից ու բառից:
Եթե այդ ձեռագրերը լեզու առնեին, ապա ձեռագրատան խորհրդավոր սրահները կլցվեին աղոթքներով ու “հորովել”-ի կանչերով և այրուձիերի դոփյունով ու եկեղեցու զանգերով, զենքի շաչյունով և որբերի ու գաղթականների ճիչերով, Նարեկացու մրմունջով ու Սայաթ-Նովայի նվագով...
Այդ ամենը կա՛ նրանց մեջ, բայց լո՜ւռ, քարացա՜ծ...
Չկա մարդկային իմացության ու գործունեության մի ասպարեզ, որն արտահայտված չլինի Մատենադարանի ձեռագրերում:
Այստեղ առկա են բոլոր հավատներն ու աղանդները, փիլիսոփայությունը, պատմությունը, բժշկությունը, մաթեմատիկան, քերականությունը, բանաստեղծությունն ու արձակը, բուսաբանությունն ու կենդանաբանությունը, աստղաբաշխությունն ու քիմիան, մարդակազմությունն ու աշխարհագրությունը, երկրաբանությունն ու երաժշությունը, ալքիմիան ու նկարչությունը, քիմիան ու... օդագնացությունը:
Մատենադարանում կան բազում բառարաններ ու քերականական գրքեր, աշխարհագրական քարտեզներ ու տոմարացույցեր, գծագրեր ու թվաբանական խնդրագրքեր, թանաքներ ու ներկեր պատրաստելու և մագաղաթ հղկելու ձեռնարկներ...
Հայ միջնադարյան բժիշկների դրքերի կողքին դուք այստեղ կգտնեք Գալենի, Նեմեսիայի, Նյուսացու և Ավիցեննայի գրքերի թարգմանությունները, Նարեկացու և Ներսես Շնորհալու գրքերի կողքին` Հոմերոսի և Կատոնի, Օվիդիոսի և Եզոպոսի, Օլիմպիանօսի ու Մենանգրեսի գործերի հնագույն թարգմանությունները և Կեղծ-Կալիսթենեսի “Ալեքսանդրի պատմության” հայերեն վերապատումը կամ փոխագրությունը (Խաչատուր Կեշառեցու հիանալի բանաստեղծություն – “կաֆա”-ներով). որը համաշխարհային արժեք է ներկայացնում:
Իտալական միջնադարյան առակների ու պատմվածքների թարգմանություններ կան այնտեղ. “Ռոլանդի երգը”, “Փարիզն ու Վիեննան”. Ֆիրդուսու, Նիզամու, Ռուսթավելու և Ֆիզուլու գործերը և ուզբեկ բանաստեղծ Նավոյիի բանաստեղծությունների “դիվանը”, արտագրված դեռևս 1494 թվականին, բանաստեղծի կենդանության օրոք..
Հիրավի՛, ի՜նչ կարող են ասել 20-րդ դարի` ամե՜ն ինչի համն ու հոտն առած մարդուն – Էյնշտեյնին ու քվանտային տեսությանը ծանոթ ու լուսնին հասած մարդուն, Հեգելի ու Մարքսի ուսմունքը մարսած գիտնականին,- աշխարհի մի անկյունում կորած, անընդհատ ավերվող ու թալանվող Հայաստանի խուլ վանքերում նստած դպիրնե՛րը...
Հայտնի է, որ փիլիսոփայության ու գիտության ողնաշարն ու էությունը նյութի և գաղափարի փոխհարաբերության հարցն է,- հարցերի հարցը.- որով որոշվում է այս կամ այն փիլիսոփայի ու գիտնականի տեղը մարդկային մտքի առաջընթացի մեջ:
Լսե՛նք ուրեմն.- լսենք զարմանքո՜վ ու հիացմունքո՜վ,- թե ի՛նչ է գրում 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացին` աշխարհի ճանաչման ու արտացոլման և նյութի ու գաղափարի հարաբերության մասին:
“Մենք մաս առ մաս ենք ճանաչում (աշխարհը), ավելի կամ պակաս գիտությամբ և ըստ իրի փոփոխման:
Մեր ջանաչումը հետևում է իրի էությանը, որովհետև նախ գոյություն ունի ի՛րը և ապա` մեր ճանաչո՛ւմը”;
Աշխարհը ճանաչելի է,- գրում է Տաթևացին,- որովհետև “իմաստուն մտքով մենք թափանցում ենք երկրի բոլոր ոլորտները, և ոչինչ չի՛ խուսափում իմաստության լույսից...”:
Համարձա՛կ, շա՜տ համարձակ պետք էր լինել և աներկյուղ, միջնադարում այսպե՛ս մտածելու և գրելու համար, և այդպիսի համարձակ ու աներկյուղ մտքին ու մտածողին չէ՜ր կարող սարսափեցնել ոչ մի աստվածային ու մարդկային պատիժ. չէ՜ին կարող սաստել ոչ կայսրը և ոչ էլ աստվա՛ծ...
Հետաքրքիր են նաև հայ փիլիսոփաների ու գիտնականների հայտնած մտքերը երկրագնդի ու արևի խավարումների ու լուսնի մասին դեռևս հինգերորդ և յոթերորդ դարերում, ա՛յն ժամանակ, երբ Եվրոպայում այդպիսի մտքերի համար հերետիկոսներին այրում էին խարույկի վրա նույնիսկ 16-17-րդ դարերում...
Հինգերորդ դարի հայ փիլիսոփա ու գիտնական Եղիշեի “Մեկնություն” գրքում կարդում ենք.
“Երբ Լուսինը գտնվում է վերին կիսագնդում, իսկ արևը` ներքին կիսագնդում, այսինքն միևնույն առանցքի վրա, ապա արևը չի՜ կարող միարժամանակ լուսավորել Լուսինը, և առաջանում է Լուսնի խավարում...”:
Ահա և յոթերորդ դարի աստղաբաշխ, մաթեմատիկոս ու աշխարհագրագետ Անանիա Շիրակացու ձեռագիրը.
“Ինչպես որ ձվի դեղնուցը գնդաձև գտնվում է մեջտեղում, սպիտակուցը` նրա շուրջն է, իսկ կճեպը շրջապատում է չորս կողմից, ճիշտ այդպե՛ս էլ, երկիրը գտնվում է մեջտեղում, օդը` նրա շուրջ, իսկ երկինքը շրջապատում է չորս կողմից”:
Մի այլ տեղ նա գրում է, թե ամեն լինելիություն ենթադրում է քայքայում, իսկ ամեն քայքայման մեջ լինելիության սաղմ կա, և լինելիության ու քայքայման այդ միասնական հակադրության, կամ, ժամանակակից փիլիսոփայության լեզվով ասած. “հակասությունների միասնության” հետևանքով է, որ աշխարհը կարողանում է գոյատևել...
Եղածն էլ լիուլի բավական է ցույց տալու համար, թե իրենց “անարժա՜ն” ու “ետի՜ն” կոչվող այդ հայտնի ու անհայտ դպիրները, կորած-մոլորած Հայաստանի ամենից խուլ գավառներում ապրող հայ գիտնականները եղել են գիտության ու փիլիսոփայության ամենի՛ց բարձր մակարդակի վրա և հայտնել են մտքեր, որոնք “համարձակ հայտնագործություններ” են համարվել դրանից շա՜տ դարեր հետո և շա՜տ քաղաքակրթված երկրներում...
Այդ չէ՞ր նաև պատճառներից մեկն ա՛յն բանի, որ ամեն բռնակալ ու խավարամիտ զավթող աշխատում էր առաջին հերթին ոչնչացնել այդ լո՜ւյսը,- այրել ձեռագրերն ու սպանել նրանց հեղինակներին:
1266 Թվականին արտագրված N823 ձեռագրի վերջին էջում կա մի հուզիչ նրար, արտասովոր ա՛յն պատճառով, որ ոչ մի կապ չունի ձեռագրի բուն նյութի հետ:
Հատակին ընկած է կարմիր ծիրանի հագած մի ծերունի, որի կրծքից արյուն է հոսում: Ծերունու կողքին ընկած են արյունոտ սրեր ու նիզակներ: Նկարի վերևում այդ ձեռագիրն արտագրող ծերունու աշակերտի “հիշատակարանն” է, որտեղ կարդում ենք.
“Արդ աղաչեմ ես, բազմամեղ և անարժան գրողս, յիշեա Յովհաննէս ի մաքուր, անբիծ յաղօթո քոյ, որ սպանեալ եղև յանօրինաց սրով զէնեալ...”
Ձեռագրի վերջին էջերի և “հիշատակարան”-ի տառերը հուզմունքից անկանոն են ստացվել, մեծ ու փոքր, տեղ-տեղ թանաքը լճացել ու շաղվել է (երևի... արցունքի՜ց):
...Յուրաքանչյուր նվաճող աշխատում էր ջնջել ո՛չ միայն մեր ժողովրդին, այլև, առաջին հերթին` նրա հոգևոր մշակույթը:
Փախչո՛ւմ, տեղահա՜ն էր լինում ժողովուրդը, տանելով իր հետ հրից ու սրից փրկած իր հոգևոր գանձերը, առաջին հերթին` ձեռագրերը:
Եվ բուն Հայաստանի գրչության ավեր օջախների կողքին կամ նրանց փոխարեն ստեղծվում էին գրչության նոր օջախներ Թեոդոսիայում (Կաֆա) և Ամստերդամում, Վենետիկում ու Երուսաղեմում, Լվովում ու Սուրխաթում, Փարիզում ու Բոմբեյում, Սպահանում ու Բասրայում, Կիլիկիայում և մինչև անգամ... Ֆիլիպինյան կղզիներում:
Նայեցեք աշխարհի քարտեզին և դուք համարյա չե՜ք գտնի մի երկիր, որտեղ ստեղծված կամ հասած չլինեն հայ ձեռագիր մատյանները:
Այսպես ամե՛ն անգամ, երբ ոսոխները փորձում էին չար հողմի պես արմատահան անել մեր գրչության դարավոր ծառը, նրա սերմերը, այդ նո՛ւյն հողմի թևով, ցրվո՜ւմ էին աշխարհով մեկ, դալար շիվեր տալով աշխարհի շատ ծայրերում:
Սակայն բանասեր ու գրապաշտ մեր ժողովուրդը, իր կյանքի գնով փրկել է ո՛չ միայն մեր հայկական ձեռագրերը, այլև բազմաթիվ սլավոներեն, պարսկերեն, հունարեն, եբրայերեն, հնդկերեն, լատիներեն, արաբերեն, վրացերեն և այլ լեզուներով գրված ձեռագրեր, որոնք նույնպես պահվում են Երևանի Մատենադարանում, շարժելով աշխարհի շատ ու շատ նշանավոր ձեռագրատների ու թանգարանների բարի՛ նախանձը...
Հին աշխարհի շատ նշանավոր գիտնականների ու փիլիսոփաների գրքեր, որոնց բնագրերը անհետ կորել են, վերստին աշխարհի սեփականությունն են դառնում գրքերի` Մատենադարանում պահվող հնագույն հայերեն թարգմանությունների շնորհիվ: