Հովվի սրինգը

Հովիվը սարին՝
Ոչխարը առաջին՝
Ոչ շուն և ոչ զենք
Չունի նա կշտին:

Եվ ահա եկան
Օրը ցերեկով
Սոված գայլերը՝
Ամբողջ ոհմակով:

Հովիվն ի՞նչ աներ,
Ինչպե՞ս ազատեր,
Իր ամբողջ հոտը,
Իրան էլ հետը:

Նա ճարը կտրած՝
Սրինգը հանեց
Եվ աղիողորմ
Մի երգ նվագեց:

Եվ ինչպե՝ս քնքուշ,
Ինչպե՜ս մեղմանուշ,-
Բոլոր գայլերը
Կտրեցին ապուշ...

Եվ լսում էին
Սարա'ծ, քարացած,
Սրնգի ձայնից
Թովված ու դյութված:

Բայց ի՞նչ էր երգում
Հովիվն այնպես լու՜րջ,
Որպես մի հարա՜չ,
Որպես մի մրմու՜նջ:

Նըրա նվագը՝
Զիլ ու քաղցրաձայն՝
Մի աղերսանք էր,
Մի գոչ օգնության:

Սրինգն ածելիս՝
Նա ձայն էր տալիս
Իր կտրիճներին՝
Զոալում շներին. -

Ա, Չաբա՜ր,
Ա, Ղաթա՜ր
Եկե՜ք, հա՛, եկե՜ք,
Ա՛, Քյասա՜ր,
Ա՛, Բասա՜ր,
Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք...

Հանկարծ թնդում է
Յուրթն ամեն տեղից.
Ի՜նչ հարայ-հրո՜ց,
Ի՛նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց...

Շները թև առած՝
Ինչպե՜ս են թռչում,
Հասնում են հովվին
Մի ակնթարթում...

Այսպես մի հովիվ,
Սրնգի շնորհիվ՝,
Փրկում է հոտը,
Չար գազաններից՝
Սոված գայլերից...