ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

ՓՈՍՏԱԼ

Բ

Հետեւյալ առտուն կանուխ Տիգրանուհին արթնցավ: Պատուհանեն եկող արեւը ճիշտ իր անկողնին վրա կ'իյնար. կսփռվեր, իր հոլանի պարանոցին ու թեւերուն սպիտակության վրա կճառագայթեր, բոլոր սենյակին մեջ ուրախություն մը կբերեր: Երկու օրե ի վեր իր կյանքին մեջ պատահած փոփոխություններուն տակ ընդարմացած կմնար. անկողնին մեջ նստած, մտքովը ատոնց քաղվածքը կ'ըներ:

Գեղը, մորաքրոջ մը տանը մեջ ապրած էր ինքզինքը գիտնալե ի վեր մինչեւ ամուսնացած օրը: Մորը հիշատակը իր պզտիկ տարիքին մեջ շատ տարտամ կերպով մը կուգար մտքին առջեւ, ատեն անցնելով գույնը նետած, գիծերը եղծված հին լուսանկարի մը պես: Հայրը բնավ ճանչցած չէր: Այս մորաքրոջ տանը մեջ՝ կես մը աղախնի ու կես մը ազգականի պես կ'ապրեր, ինչպես կ'ըսեր ինքը. իր ապրուստին բեռը զգալի չդարձնելու նպատակով: Ու երջանիկ պիտի ըլլար հոդ ապրելուն եթե մորաքրոջը երկու աղջիկները անտանելի չդարձնեին իր կյանքը: Ի՞րն էր հանցանքը՝ եթե անոնցմե աղվոր էր ինքը:

Ապաքեն, այս աղվորությունը իր թշմնամին եղած էր եւ անկեղծությամբ Տիգրանուհին կզղջար իր գեղեցկության համար:

Գեղին մեջ շատ մը տղաք իր ետեւեն ինկած էին գիշեր ցորեկ, հասակին շքեղությանը, մինչեւ կռնակը հասնող խարտյաշ մազերուն գովեստը փսփսալով ականջն ի վար: Ասոնց եւ ոչ մեկուն հավտացած էր, բայց այս հետապնդումները՝ հանդարտ ջուրի մը մեջ նետված մանր քարերու պես, իր հանգիստը վրդովեր էին: Մորաքրոջը աղջիկները իր վրա ամեն տեսակ չարախոսություններ տարածելու մեջ առաջիններն էին: Ահա այդ միջոցին էր, որ երիտասարդ բանվոր մը, իր օրական ապրուստը ճարելու հազիվհազ կարող մեկը, զինքը ամուսնության ուզելու ելել էր: Տիգրանուհին տասնութը տարու էր հիմա, ինչ որ գեղ տեղերու մեր աղջիկներուն համար շատ առաջ գացած տարիք մըն է. հետո, իր մորաքրոջ տունեն ելլելու ստուգությունը կար, մորաքույրն ալ զինքը ճամփելու փափագին մեջ, սիրով ընդուներ էր այս առաջարկությունը: Եվ օրին մեկը հարս գացած էր տան մը մեջ, ուր իեծեն զատ անոր ծնողքը կային: Մեծ բան մը չհասկցավ այդ ամուսնութենեն. կարգվելեն ութ օր վերջը օր մը միայն դարձավ կնոջը քով, հետեւյալ օրը նորեն իր լեռը երթալու, աներեւութանալու համար: Հարսը հոս ալ կ'աշխատեր օրն ի բուն ու իր կյանքը, բեւեռային օրերուն պես, երկարատեւ խավարի մը կնմաներ զոր ոչ մեկ լույսի ճառագայթ կուգա վայրկյան մը գեթ լուսավորել, ուրախացնել:

Հանկարծ օրին մեկ ալ իր էրիկը տուն բերին ոտքը կոտրած, ամիսներով անգործության դատապարտված. ասիկա լրումը եղավ: Ա~հ, թե որ գոնե զավակ մը բերած ըլլար, հիմա ստնտվության կ'երթար Պոլիս, ստակ կվաստակեր ու տուն մը կրնար դնել, բայց այդ ալ չկար ու ասիկա՝ իր կեսուրը ու կեսրայրը հանցանքի մը պես կզարնեին իր երեսին:

Հաճի Տյուրիկ ճիշտ այդ ժամուն հասավ զինքը միասին Պոլիս տանելու համար: Էրիկն ալ, մորաքույրն ալ, որ մոր տեղ կանցներ, հոժարեր էին ասոր. Տիգրանուհին ազատագրության պես բան մը կտեսներ հոդ: Թելլալը՝ անոր ապագա հանըմին փառաբանությունը բերնեն չէր ձգեր: Հարուստ մարդիկ, վերկիլի հանըմ, կաղանդին, ծնունդին, զատկին պախշիշ, կերուխումը առատ, աշխատությունը թեթեւ. սպասուհիի մը, համար ասկե ցանկալի տեղ չէր կրնար ըլլալ:

- Աղջի՛, օղո՛ւլ, չգտնված տուն է,- կ'ըսեր Հաճի Տյուրիկ:

Ա՛յնքան որ մորաքույրը պահ մը կմտածեր իր աղջիկներեն մեկը ղրկել Տիգրանուհիին տեղը: Վերջապես որոշումը տվեր էին, եւ հետեւյալ առտուն, դեռ չլուսացած, գիշերվան մութին մեջ կառքը երկու կիները Պաղչեճիկեն իջեցուցեր, ծովեզերքը բերեր ձգեր էր, ճիշտ երբ արշալույսը կծագեր:

Տիգրանուհին հիմա այս մութեն դեպի լույս ուղեւորությունը, ժամանումը միտքը կբերեր, բարի գուշակ մը կհամարեր իր կյանքին համար: Իսկույն զմայլեր էր Իզմիրի ծովածոցին վրա, որ այգուն սրսկած դեղին ոսկիի ցոլացումին մեջ, անշարժ կտարածվեր, կանուխ արթննալ չուզող ու ծույլ կնկան մը պես: Մինչեւ այդ տարիքը մոտանց չէր տեսեր ծովը ու այս պահուս, գեղին եռաթի խոշոր նավակի մեջ տեղավորված, իր պզտիկ պողչան քովիկը, այդ կապույտ տարածության վրա սահելուն կ'զբոսներ ու անոր վրա պատմված ահավոր պատմություններուն չէր հավտար: Իզմիր հասնելուն՝ հազիվ ատեն ունեցեր էին շոգեկառքը մտնել եւ իսկույն կայարանին աղմուկեն ու թոհուբոհեն զատվելով խոլ արշավ մը սկսեր էր. անդուլ, անդադար, ժամերով վազք մը, քերելով ծովեզերքը ձախեն, ու աջեն՝ սուրալով մութ մանիշակագույն հողերու մեջեն, որ մինչեւ Հերեքե այդ տեղի ցամաքը կկազմե: Հոս հոն, տեղ տեղ կկենային ու Տիգրանուհին կկարծեր, որ հոգնություն առնելու համար էր ասիկա. ոմանք կձգեին շոգեկառքը, ոմանք նոր կմտնեին, եւ անմիջապես ճամփա կ'իյնային. հիմարական խոյացումը կսկսեր դեպի Պոլիս: Ու կհիշեր վերջապես հասնելնին Փայտար Փաշա, Պոլիսը, Փերան զորս Հաճի Տյուրիկը մատով իրեն ցուցուց հեռվեն եւ ասդին՝ Քատըգյուղ, իրենց գալիք տեղը, մաքուր փողոցներով, գեղեցիկ տուներով շինված քաղաքը, որուն վրա հիացավ: Կայարանին մեջ կվախնար, որ բազմության մեջ չկորսվի. թեւին տակ պզտիկ պողչան ուժով մը կսեղմեր, իր շփոթությանը մեջ մոռնալու վախով: Հաճի Տյուրիկը քովն էր սակայն, ճարպիկ ու վարպետ առաջնորդ, որ ամեն դժվարությանց մեջ կ'քաշեր, կհաներ զինքը, մինչեւ որ հո՛ս, այս հարուստ տանը մեջ բերավ ու հանձնեց զինքը: Հաճի Տյուրիկ պահապան ու զորավոր հրեշտակի մը մարմնացումն էր իր աչքին, որ Տիգրանուհին սրտին խորեն շնորհակալ կ'ըլլար անոր այս վայրկյանիս. եւ այս տունը՝ իր հարուստի բարբառող կահավորումին մեջ. երեք ծառա, որոնք իրենց աշխատության մեքենական ճշտությամբը զարմացուցեր էին զինքը. ծեր Մարիամը, որ ինչ ընելիքը պիտի սորվեցներ հոս տեղ. եւ մանավանդ անուշ լեզու հանըմ մը: Միայն իրիկունը աղային լուրջ ու խոժոռ դեմքեն վախցավ քիչ մը. հետո անոր տղան, երիտասարդ մը, մարմնեղ, արյունոտ անձ մը. հորը ձեւը, հորը լրջությունը:

Այս ամենը կարգով ամփոփեց շարեց մտքին մեջը ու խորունկ գոհունակություն մը զգաց. հետո ցատկեց տեղեն շուտով, հագվեցավ, մազերը սատրեց, պատեն կախված հայելիի մեծկակ կտորի մը մեջ նայեցավ. այն ատեն, առջի անգամ ըլլալով ուշադրությամբ դիտեց իր դեմքը, աղվոր ըլլալուն հաճույքը զգաց ու վար իջավ: