ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

ՓՈՍՏԱԼ

Գ

Սուրբիկ հանըմին աղվոր պեսլեմեն ամենուն բերանն էր գեղին մեջ: Աղաներն ալ, հանըմներն ալ Սուրբիկ հանըմը կշնորհավորեին:

Պզտիկ ու անգիտակից պչրանքով կհագնվեր անիկա, իր հանըմին պատվերին համեմատ, ճերմակ մաքուր գոգնոց կապած առջին: Իրիկունները աշխատանքին լմննալուն ետքը, ամենեն վերի հարկը իր փոքրիկ սենյակը կ'երթար, պատուհանին առջեւ կնստեր, շոգենավեն ելլողները դիտելու համար, մինչեւ որ վարեն կանչեին զինքը:

Տանը մեջ կ'սկսեր վարժվիլ. իր առած ամսականը ամբողջությամբը գեղ կղրկեր, էրկանը ձեռքը, ու գոհ էր այս կյանքեն: Միայն երբեմն խուլ անհանգստությունը ուներ վտանգի մը զոր չէր տեսներ, ճիշտ ինչպես սենյակի մը մեջ ինքնիրենը մստած մեկը, նույնիսկ աչքը գոց պահուն, կ'զգա ուրիշի մը ներկայությունը, աչքը դեռ չբացած:

Այս վտսգը ավելի քան օդի մեջն էր, քան թե շոշափելի բան մը: Չէր գիտեր հաստատ կերպով, թե ի՞նչ էր իրեն սպառնացող բանը, բայց զգույշ կենալու պետքը կ'զգար:

Այս Պոլսո մարդիկը, իրենց բոլոր քաղաքավար վարմունքին հակառակ, կնկան նայելու ձեւեր մը ունեին, որ համբուրվելու պես կդիպչեր իր երեսին եւ իր նոր հարսի, գրեթե կույսի ամաչկոտությունը կվիրավորեր ամեն վայրկյան: Միմիայն իր կնոջական բնազդովը կ'զգար լուռ իղձերու հովը, որ իր շուրջը կ'ելլեր, կբարձրանար, երբոր էրիկմարդոց առջեւ գտվեր, անուշ բերած կամ ջուր տված միջոցին: Եվ դեպի դուռ դարձած՝ սենյակեն դուրս ելլելուն, ամեն աչքերը իր վրա էին, իր հաղթ ու գեղեցկաշեն մարմնին վրա, որուն լեցուն գիծերը, իր քալվածքին համեմատ հազիվ թե նշմարելի շարժումով մը կխաղային: Մինչեւ անգամ իր հագուստը ու կապուստը, շինականի եւ սպասուհիի պարզությամբ, եւ թերեւս ատոր համար հրապուրիչ բան մը ուներ:

Այս ձգողության՝ Ղազար աղային տղան չդիմացավ երկար ատեն:

Մարմնեղ ու տարփասեր երիտասարդ մըն էր, հորը պես իր բոլոր իղձերը թաքուն պահելու սորված ու ատոր համար, ա՛լ ավելի ինքնզինքը զսպելու ամկարող, երբոր դիպվածով մինակ մնար սպասուհիին հետ:

Իր ծանր գլուխ տղու համբավին հակառակ, շուտով սկսավ կատակներ ընել Տիգրանուհիին հետ, փորձի ենթարկելով զայն, իբեւ թե անզգուշությամբ, անոր մարմնին կդպեր, ձեռքը բռնել կ'ուզեր: Այն ատեն, Տիգրանուհին հասկցավ անոր միտքը եւ ետ քաշվեցավ, առանց խուճապի, այն վախկոտներուն պես, որոնք ծանր-ծանր քալելով կնահանջեն, շինծու քաջությամբ եւ անփութությամբ մը ծածկելով իրենց նեսդիի դողը, դիմացինին հարձակումը չփութացնելու նպատակով:

Անկե վերջը երիտասարդը բացեիբաց իր պահանջումները պարզեց անոր, այնքան ավելի բռնանալով, որքան վեց ամսե ի վեր տեւող մերժումները զինքը ամեն ծայրահեղությանց տանելու սատիճանին հասցուցեր էին: Առտու, իրիկուն, գիշեր, աչքկապուկի կամ պահվըտուքի պես բան մըն էր տանը մեջ. սենյակե սենյակ, անկյունե անկյուն հալածանք մը, որուն մեջ աղախինը, պարտավորված անոր մոտ գալու ամեն անգամ, որ խզմեթ մը ապսպրեր իրեն, ինչ ընելիքը չէր գիտեր:

Վերջապես, հուսահատած, օրին մեկը հանըմին գնաց ամեն բան խոստովանելու: Սուրբ ու առաքինի կին էր իր հանըմը, որուն գովեստը կ'ըներ քարոզիչ սրբազանը շատ անգամ եկեղեցվո բեմեն: Ու իրեն պաշտպան մը գտնելու առաջադրությամբ, ցորեկ մը իր հանըմին հետ մինակ մնացած մեկ ատենին, վարանելով, կարմրելով ամեն բան հասկցուց անոր:

Սուրբիկ հանըմ զարմացավ, չհավտաց նախ ասանկ բանի մը գոյությանը, թերեւս Տիգրանուհին սխալած էր: Հետո ըսավ, որ իրիկունը իր տղուն հետ պիտի խոսեր, բայց ավելցուց ժպտելով, որ այս բոլոր պատահածին հանցանքը Տիգրանուհիին գեղեցկությանն էր:

- Աղեկ սիրտ ունի տղաս, բայց էրիկմարդ է, դուն ալ այնքան աղվոր ես, որ չեմ զարմանար զքեզ սիրելուն: Մարդ քեզի չի կրնալ դիմանալ:

Հաճի Տյուրիկ, որուն Տիգրանուհին հայտնած էր իր վիճակը, խնդաց իր վրան:

- Օղու՛լ, - ըսավ անոր, - էֆենտիիդ տղան կսիրե կոր քեզի, ա՛լ ի՞նչ կ'ուզես: Տիգրանուհին քիչ մը ատեն ալ պաշտպանեց ինքնզինքը անոր ձեռնարկություներուն դեմ, բայց կամաց-կամաց վարժվեցավ սիրո խոսքեր լսելու անկե: Հանըմը այդ միջոցին շատ-շատ պարգեւ կուտար իրեն. ամսականին մոտ գումար մըն ալ ասանկով կ'առներ: Տգրանուհին կխոստովաներ ինքնիրենը, որ ասիկա միմիայն իր աշխատությանը համար չէր: Հետո բոլոր այս հետապնդումներուն հալածանքներուն մեջ իր արյունն ալ կ'եռար, դող կ'ելլեր ու կսկսեր ինք ալ փոխադարձ հաճույք մը զգալ այդ ամենեն: Փախչիլ կձեւացներ, բայց կձեւացներ միայն ու կժպտեր:

Գիշեր մը Տիգրանուհին իր սենյակի մեջ գտավ իր երիտասարդ էֆենտին, պոռալ ուզեց, բայց վախցավ ձայն հանելու, աղաչեց.

- Ոտքդ պաքնեմ, էֆենտիս, մեղք եմ:

Բայց էֆենտին կորովի էր եւ իր ուժին տակ զսպեց զինքը:

-Հանըմս, հանըմս ի՞նչ պիտի ըսե, - կ'ըսեր անիկա դողդղալով:

-Խեն~թ, - պատասխանեց երիտասարդը անոր, - մայրս ինծի ըսավ, որ սենյակդ ես ու եկա քեզ գտա. մորմես բնավ մի՛ վախնար:

Ետ-ետ երթալով կինը պատին կռնթած էր, ալ զինքը գրկող պողպատե բազուկներուն մեջ անարժ մնացած. հոս՝ դիմադրության ուժը կպակսեր. գլուխը պատին դարձուցած ըլլալով, իր պարանոցին վրա կ'զգար համբույրներու կիզումը, ու Տիգրանուհին, անձնատուր ըլլալու մոտ ու անձնատուր ըլլալե առաջ իր արդարացումը կփնտրեր հիմա, մտածելով, որ ձեռքեն եկածը ըրեր էր ինքզինքը պաշտպանելու համար. ու հանցանքը իրը չէր՝ եթե չէր հաջողեր: Անձնասպաններ կան, որոնք վերջին պահուն զղջալով հանդերձ, չեն կրնար իրենց որոշումեն ետ կենալ եւ տող մը գիրով իրեց մահը կբացատրեն, կ'արդարացնեն. Տիգրանուհիին ըրածն ալ ատ էր: