ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

ՓՈՍՏԱԼ

Ե

 

Վրայեն չորս տարի անցեր էր, երբ այս պատմությունը իմացա ես բարեկամի տունի մը մեջ, ուր Տիգրանուհին կ'աշխատեր իբրեւ սպասուհի: Միշտ աղվորիկ կին մըն էր, թեեւ տարիքին հակասող ծանրություն մը կար դեմքին վրա:Հղության վերջին ամիսները, տղաբեքրը Հաճի Տյուրիկին տանը մեջ եղեր անցեր էր, կայտառ, խնդումերես մանչ մը ձգելով իրեն, այն պահուն, ուր անդին գեղին մեջ էրիկը թոքատապե կմեռներ:

Մեծ ցավ մը չէր զգացեր Տիգրանուհին այս չճանչցած էրկանը մահեն. բայց նորեն թիկունք մը պակսած էր իրմեն այս մահով, որչափ ալ ենթադրական բան մը ըլլար ատիկա: Ու ավելի մեծ սիրով մը փարած էր այս զավկին, որ հայր չունենալուն համար կրկնապես իրենն էր:

Ինքը աշխատանքի ստիպված ըլլալուն, իր զավակը օտար կնոջ մը հանձնելու հարկադրված էր, եւ օրին մեկը անոր ալ հիվանդանալուն լուրը բերին: Վազեց գնաց, բայց մանկիկին վերջին ժամուն միայն հասավ. բժիշկ, դեղ օգուտ չըրին, ոչ ալ ս. մասունքը զոր Ամենափրկիչեն բերել տվավ. թռչունի մը պես առանց տրտունջի հոգին ավանդեց անիկա իր գրկին մեջ:

Տիգրանուհին մարդ մարդասանք չուներ. Հաճի Տյուրիկն ալ գեղն էր այդ միջոցին. ինքն իր գլխուն պարտավորվեցավ մեռելաթաղի բոլոր չնչին ու ահավոր պատրաստությունները տեսնել: Ինքը հագվեցուց, սազեց մանկիկը, ինչպես վերջեն կպատներ լալով: Հետո եկեղեցի գնաց փափագ հայտնելով, որ կարելի եղածին չափ շքեղ ըլլա հուղարկավորությունը:

-Մեղք ես, կնի՛կ, ստակ չունիս,- ըսին ժամեն:

Անիկա համառեցավ, ուզածնին վճարեց, շատ մը մոմեր վառել տվավ, պնդեց, որ երկու քահանա գտնվի արարողությանը. մանավանդ չուզեց, որ ճաղի մեջ դնեն իր զավակը, վախնալով, որ հողին մեջ չմսի անիկա. սնտուկ ապսպրեց, համոզված ըլլալով, որ անոր մեջ պիտի պատսպարվի պզտիկը:

Օր մը շարունակ ասոնցմով զբաղեցավ, ամեն բան իր ձեռքովը կարգի դրավ. ժամին մեջ ինքը մինակ էր եւ մինչեւ գերեզմանատուն, գլուխը բաց, ինքը մինակ հետեւեցավ դագաղին: Հո՛ն, իր աչքին տակ, տեղավորել տվավ զայն հողին մեջ ու ետ դարձավ իր ծառայած տունը, երկու օր բացակա մնալե ետքը:

Աչքերը ուռած էին լալեն, բայց գանգատի բառ մը չելավ բերնեն. գլուխը կախած, առաջվան պես աշխատանքի տվավ ինքզինքը:

Անկե վերջ իր բոլոր մտմտուքը, իր բոլոր առաջադրությունները այս պզտիկ հողակույտին հատկացան: Ամսականեն ժողված առջի ստակովը՝ գերեզմանատան մեջ պզտիկ հող մը գնեց:

- Երկու հոգիանոց հող մը, - ըսավ ցած ձայնով մը թաղականներուն:

Ստակը վճարեց եւ թուղթը ձեռքը բռնած իսկույն գերեզմանատուն վազեց, զավկին մարմինը հոն փոխադրել տալու համար: Քիչ ատեն վերջը, պզտիկ պատով մը շրջափակել տվավ այդ պզտիկ հողը. վերջն ալ քար մը դնել տվավ անոր վրա: Բոլոր վաստակածը հոդ կծախսեր. ամեն ատեն նոր բան մը ուներ շինելիք, ավելցնելիք, գեղեցկացնելիք այդ տեղին մեջ:

Ու մեռելոցին օրերը, քանի հատ որ օր կա տարվույն մեջ, մեծ ու պզտիկ, ցնծության օրեր էին իրեն համար: Առտուն կանուխ կ'ելլեր, իր այրի կնոջ արդուզարդը կ'ըներ, լուրջ ու հանդիսավոր արդուզարդ մը, ու ճամփա կ'իյնար դեպի գերեզմանատունը. պզտիկ տապանին քով չոքած՝ երկար բարակ ու ցած ձայնով կխոսեր իր զավկին հետ, անոր մանուկի բարբառովը: Ամեն հեղուն տերտերին օրհնել կու տար գերեզմանը, հարուստե մը ավելի առատաձեռնությամբ տալով օրհնողչեքը:

Դարձին՝ երանություն մը կար անոր դեմքին վրա:

- Ու՞ր գացեր էիր, Տիգրանուհի՛, - կհարցնեին տնեցիները, իբրեւ թե չգիտնային անոր ո՛ւր երթալը:

-Հանը՛մ, զավկիս գացի, - կպատասխաներ ուրախությամբ:

<1901>