ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

ՄԱԳԹԱՂԻՆԵ

Գ

 

Այն օրը այսքան եղավ մեր բոլոր ճանչվորությունը. իմ թախանձանքներս ասկե ավելի գոհացում չստացան:

-Ինչպես կրնա ըլլալ, ավագ շաբաթով,- կ'ըսեր զարմացած,- դուն քրիստոնյա չե՞ս:

Իրոք ավագ շաբաթվան մե՞ջն էինք:

Պահք կբռներ անիկա ու վերջին օրն ալ ծոմ պիտի պահեր: Իր ջերմեռանդ ու մեղավոր աղջկան համոզումներուն տարօրինակ գիրկընդխառնումը կպարզեր ինծի:

-Ո՞ր օր սրբություն պիտի առնես,- հարցուց հանկարծ:

-Չեմ գիտեր աղեկ մը, - պատասխանեցի.- դո՞ւն ո՞ր օր պիտի առնես:

Երեսս նայեցավ ապշած՝ կարծես ասանկ անհարկի հարցում մը ուղղելուս համար:

-Հիչ մեզի հաղորդություն կուտա՞ն:

-Ինչո՞ւ չտան:

Քահանայի մը չափ գիտեր անիկա բոլոր կարգը կանոնը ասանկ բաներուն, ու քահանայե մը ավելի խստապահանջ էր ինքզինքին համար:

-Չեմ կրնար հաղորդություն առնել, քանի որ վերջը դարձյալ մեղք պիտի գործեմ, - կբացատրեր ինծի: - Ինչո՞վ պիտի ապրիմ ես. քույրս, եղբայրս, ծեր յայաս պիտի ապրեցնեմ. զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլլա:

Այս պզտիկ սենյակին մեջ՝ արտասանված այս լուրջ խոսքերը ինծի մտածել կու տան:

Ամեն անոնց, կ'ըսեմ ինքնիրնես, որոնք իրենց ապրուստի բերմուքովը մեղք մը գործելու, սուտ մը խոսելու հարկին մեջ են, եթե եկեղեցին իր հաղորդությունը զլանար, ի՞նչ պիտի ըլլար ասոր վերջը, ո՞ր վաճառականը, ո՞ր խանութպանը, ո՞ր օրագրողը ու ո՞ր փաստաբանը, նույնիսկ ո՞ր եկեղեցականը հաղորդություն առնելու իրավունքը պիտի վայելեր. չէ՞ մի որ հետեւյալ օրը իրնց առօրյա կյանքին պիտի վերադառնան անոնք: Ոչ ոք սակայն մտքեն անցուցած է եկեղեցվո սուրբ խորհուրդներեն այս մարդիկը զրկել:

Աղջիկը կգրկեր, կհմբուրեր զիս անընդհատ:

-Քանի՞ տարու ես դուն,- կհարցնե ինծի:

-Քսան տարու:

Անձնատուր իր գգվանքներուն՝ մտքովս կշարունակեմ առարկություններուս երկար շարքը: Եկեղեցին՝ իր արդի ձեւին տակ իր զանազանություններուն ակներեւ անիրավությամբը, մարդկային քան թե երկնային հաստատություն մըն է. մարդոց բոլոր թյուր վճիռները հոն ալ կտիրապետեն ինչպես այլուր:

Աղջիկը վերջին համբյուր մը կու տա:

-Ես ժամ պիտի երթամ,- կ'ըսե ինծի. - զատկեն վերջը եկուր, բարեկամ ենք, չէ՞: Գալուդ պես հոս զիս հարցուր:

Ու պչրանքով մը, որ մեջերնիս հաստատված համակրության օծումն էր, կպահանջե.

-Ուրիշի հետ չպիտի տեսնվիս, խոսք տո՛ւր:

Խոսք կու տամ, քսան տարու երիտասարդի խոսքս:

Անկե վերջը տարիի մը չափ սիրեցինք իրար:

Անուս, ռամիկ, բայց սրտի տեր աղջիկ մըն էր. իր սիրողներուն թիվը չկար. ամեն ազգե, ամեն տարիքե ու դասակարգե մարդիկ մոլորած՝ կու գային հոս. ալեւորածները, ինչպես հազիվ պեխերը բուսած տղաքը, կու գային ամենքը իր սիրովը հափշտակված:

Բայց մանավանդ ստորին դասե մարդոց մեջ իր անունը, իր գեղեցկությունը նախճիրներ կգործեր:

Պատճառը այն էր գուցե, որ այս տարօրինակ աղջիկը ուղղամտություն մը ուներ իր վաճառիկ սիրույն մեջ ալ:

Իմ դեմս, երբոր քիչ մը ավելի մտերմացանք, իր տգիտությանը վրա կ'ամչնար, բայց երբե՛ք իր վիճակին համար: Անհուն խնամքով ու գորովով մը իր պզտիկ քրոջ ու եղբորը վրա կշարունակեր հսկել հեռվեն, ծախելով շարունակ իր մարմնին ճոխություները, առանց զոհողություն մը ըրած ըլլալու գաղափարը մտքեն մազի չափ անցընելու: