ԿՅԱՆՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

ՃԻՏԻՆ ՊԱՐՏՔԸ

Գ

 

Սկյուտարի բարձունքին վրա՝ Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կբնակեին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդութենե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կգուշակվի: Բայց իր հիշատակը կ'ապրի եւ օր չըլլար որ իր խոսքը չընեն. գիշերները, երբ աղջիկները կքաշվին, ամուսինը կմնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին. ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն՝ աղքատացած վաճառականը քաջալերություն մը կ'ակնկալե, գերեզմանի մյուս կողմեն սպասված զորավիգ մը:

Վասն զի բարոյական կորովը կպակսի իրեն օր օրի. իր երբեմնի նյութական դրամագլխին պես, հիմա կզգա որ սրտին քաջությունը կսպառի ու կհատնի քիչ-քիչ: Դեռ առտուները իր դողդոջուն ձեռքի մեջն է պայուսակը, զոր առանց ամբողջապես լեցնելու կդառնա շատ հեղ. ու առտուն, նավամատույցին վրա, այն վաճառականներուն քով՝ որոնք մուրացիկի մը ողորմություն տալու պես երբեմն գործ կուտան իրեն, կսլքտա, երբեմն կհամարձակի անոնց խոսքին խառնվիլ, կարծիք տալ, միշտ խոսողին նպաստավոր կարծիք մը: Անոնց գծին վրա չի քալեր, այլ քիչ մը ետեւեն, իր անբաժան պայուսակը ձեռքը, ու երբ պատահի, որ առեւտուրի մեջ մեկ մը երեսեն վնաս մը կրեն այդ մարդիկը, ինք անոնցմե ավելի կզայրանա այդ մեկուն դեմ, խաբեբա ու խարդախ կկոչե զայն, որ իր վաճառականին, այդ պատվավոր մարդուն ապրանքները շփոթած էր ու ստակները չէր ուզեր հատուցանել: Ուրիշ ատեն՝ անոնց զվարթ վայրկյաններուն ՝ կատակներով, փոքրիկ սիրուն պատմություններով կզվարճացներ, կխնդացներ զանոնք, հետեւյալ օրվա համար պզտիկ գործ մը շնորհելու սպասումով:

Ու վաճառականները կսիրեիր այս պապա մարդը որ ուրիշներուն պես աներես չէր ու իր միջնորդչեքը իրավունք մը պահանջելու եղանակով չէր ուզեր եւ առաջակված ամեն զեղջի գլուխ կծռեր:

Դ

Պասմաի ջոջերը կքալեին տոտիկ- տոտիկ, ճամփուն վրա խոսելով, իրենց ծախելիքի ապրանքներու հոգերովը բեռնավորված ամենքն ալ: Պարսիկ վաճառականները, գլխավոր հաճախորդները, աչքերնին կսկսեին բանալ. թահացած ու գունաթափ կերպասներու, կշիռեն ու չափեն պակաս ամերիքաններու վրա առջի շահերը չէին մացած ա՛լ, եւ վաճառականները խնայողության նոր միջոցներ կխորհեին. մաքսեն ետքը, գրասենյակի ծախքեն վերջը, միջնորդչեքները ծանր կթվեին իրենց: Ի~նչ հարկ միջնորդի, անձամբ չէի՞ն կրնա առնել կամ ծախել ապրանքները, այնուհետեւ, ուիրշ պատճառներ կուգային զորացնել այս որոշումը. միջնորդը միջնորդ մըն է վերջապես եւ ոչ ապրանքին տերը. ոչ անոր արժեքը կրնա բացատրել տիրոջը չափ եւ ոչ անոր հոգը տանիլ միշտ, ու Հուսեփ աղան որ ետեւնուն կուգար, իր սեւցած պայուսակը ձեռքը , կդողար հիմա:

-Հուսեփ աղա, քեզի համար չենք, - կ'ավելացնեին վաճառականները,- դուն մեր մարդն ես:

Շունչ կ'առներ խեղճ մարդը. բայց գործերը կպակսեին, ավուրչեքը շահիլը տաժանելի տառապանք մը կ'ըլլար ու պարտքերը կդիզվեին շուրջը, գյուղը, չարշին, ամեն կողմ: Հագուստը տակավին մաքուր կոկիկ էր ու իր արտաքին տեսքեն ոչ ոք պիտի գուշակեր իր զարհուրելի անկումը:

Ու պայուսակը կշարունակեր կրել ձեռքը, անօգուտ տարուբեր մը հիմա, բայց ամչնալով թողուլ, մեկդի նետել զայն, հուսահատությունը խոստովանիլ աշխարհքի առջեւ, վասն զի ի՞նչ պիտի ըսեր աշխարհք ձեռնունայն տեսնելով զինքն այսուհետեւ:

Հետո՝ ճարահատած՝ այն վաճառականեն որուն արբանյակն էր, երկու ոսկի փող ուզեց ու մերժողական պատասխան ստացավ. հինգ ոսկի պարտք ուներ. պետք էր նախ այդ պարտքը վճարել: Այն իրիկունը իր պղնձե փոքրիկ ժամացույցը ծախեց երեսուն ղրուշի ու պայուսակը մասամբ գոնե կրցավ լեցվիլ նորեն: