ԿՅԱՆՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

ՃԻՏԻՆ ՊԱՐՏՔԸ

Ե

 

Տունը՝ ուրախ ու զվարթ էր. աղջիկները իր վիճակին վրա տեղեկություններ կ'ուզեին երբեմն. գուշակություններ, նախազգացումներ ունեին իրենց ներսիդին:

-Գործերը ինչպե՞ս են, հայրիկ, - կ'ըսեր անդրանիկը:

Ու կրտսերը՝ կապույտ աչվի, շուշանաթույր աղջիկ մը որ ճիշտ մորը պատկերն էր.

-Այսչափ ուշ մի մնար:

Հայրը կխնդար. ո՛չ գործերը գեշ չէին երթար. աստուծով ասկե վերջը ավելի պիտի բացվեին

-Վաղը կանուխ եկու, եւ մեզ պտտցնելու տար: Ու ողորմելի հայրը կխոստանար, ամեն բան կխոստանար, կանուխ պիտի գար ու պտտցնելու պիտի տաներ այս հեք զրկյալ որբերը, որոնց էն աղվոր տարիները չքավորության մեջ կ'անցնեին. երեւակայեցեք ուղեւորություն մը, որուն է՛ն գեղեցիկ տեսարանը թյունելի մը անցք ըլլա, մութ ու քարակոփ պատեր, եւ որուն մյուս ծայրեն սպասված լույսի շառավիղը չտեսնես երբեք:

Եվ առտուն, կանուխ-կանուխ, առջի շոգենավով կ'երթար Պոլիս, իր ուժաթափ թեւին տակ սեղմելով իր պարպված պայուսակը, այս հավիտենական թշնամին ու հավիտենական անկուշտը, որ չէր հագեցած երբեք երեսուն տարիե ի վեր. ու հոն, թեւին տակը, խեղդելու պես կսեղմեր զայն, այդ պարպված փորը ու չքացնել կ'ուզեր:

Պոլիս գործ չկար. ժամացույցին ստակեն մնացորդը երթեւեկության ծախքին մեջ սպառեցավ ու վայրկյան կմոտենար ահավոր արագությամբ մը խոյանալով իր վրա, ուր վերջին երեսուն փարան Քուզկունճուքեն Պոլիս իջնելու, հույսի մը ետեւեն վազելու ծախքը- վասն զի հիմա հույսի ետեւեն երթալն ալ ծախքով է - պիտի հատներ:

Այն անե՞ն. այս հարցումը զոր միտքը կ'ըներ, որուն պատասխանելու հարկեն չէր կրնա խուսափիլ, իր դեմը կ'ելլեր, խոշոր, հսկա տառերով կգրվեր օդին մեջ, ու իր առջեւեն կքալեր իր նայվածքին փակչելով ամեն տեղ:

Զ

Ինչպե՞ս կ'ըլլա որ մարդ հացի մը ստակին կարոտը կքաշե կամ շոգենավի մի ստակ չվճարելուն համար կեցած տեղը կմնա գամված, անշարժ:

Հուսեփ աղան հիմա այս խնդիրները կհարուցաներ մտքին մեջ, լուծելու կջանար, եւ փողոցին մեջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, շոշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրված կզգար ինքզինքը հանկարծ, իր սիրուն զավակներուն քովիկը, եւ պահ մը վերացած՝ կմոռնար ինքզինքը, իր ավուր հացի կարոտ մուրացիկ դիրքը, վայրկյան մը գոնե, հարուստ ու ամենակարող ըլլալու համար. այդ փոքրիկ տունը կձգեր, ավելի ճոխ բնակություն մը տալու համար իր զավակներուն. նոր զգեստներ, գլխարկներ, անոնց երիտասարդի բոլոր պահանջումներեն ավելի՛ն, շատ ավելին կուտար, ու հրճվանքնին տեսնելով կբերկրեր: Ի~նչ դյուրին ու ի~նչ դժվար երջանկություն:

Հետո վերջին հնարքները սկսան ապրուստի. մանր ու արհավրալից բաներ. նորոգելու պատրվակով տունեն տարված ու չնչին գնով վաճառված կարասիներ, տնական պետքերը հոգալու համար նորե նոր՝ ամեն օր տարբեր խանութներու, ծախողներու դիմումներ. ապառիկ գնելու համար հաստատված մտերմություններ, բարեկամություններ. հետո շոգենավի տոմսակը ուրիշի ստակով առնելու համար ուրիշին քով սպասելներ. զուր ջանքեր բոլորն ալ՝ լեցնելու, ոհ, մասամբ գոնե լեցնելու համար իր պահանջող պայուսակը զոր բռնած կտանի դեռ, առանց պատճառը գիտնալու, առանց պետքի, անգիտակից շարժումով:

Այն առտուն իր առջինեկ աղջիկը տվավ պայուսակը ձեռքը,- “Երեկվան պես միսը չմոռնաս. քիչ մըն ալ պտուղ բերես. պանիր ալ”:

Ու փախստական հորը ետեւեն որ կ'աճապարեր հեռանալու, կշարունակեր իր չնչին խնդրանքներու անհատնում շարքը:

Զառիվայրեն իր ընդոստ աճապարող քալվածքին հետ պայուսակը կ'երերար, պարապ որովայնի ձայներ, հեծկլտուքներ կհաներ:

Երեք մեթալիք տասնոցները զորս իր գրպանին մեջ հուսահատորեն կսեղմեր, չկորսնցնելու սարսափով, Պոլիս պիտի տանեին զինքը. ի՞նչպես պիտի վերադառնար իրիկունը. ու կզղջար, ո~րքան կզղջար բնակելուն Սկյուտար ուր ոտքով չերթցվիր, ու չի բավեր բարի կամեցողություն կամ աշխարհիս մեծագույն քաջությունը ունենալ՝ նույնիսկ պարապ ձեռքով տուն դառնալու համար:

Շոգենավին մեջ ծանոթներե հեռու նստավ, ծայրը, հոն ուր մեվզի չկա, ոջլոտ մարդերու մոտիկ: Լավ մը իր քովը տեղավորեց պայուսակը. խնամքով, հոգածու ձեռքով անոր փոթերը շտկեց: Հետո անիվներուն փոֆ փոֆը իր ուշադրությունը գրավեց. այս եղանակը իր հետաքրքրությունը շարժեց. անիվները իրենց շրջանակին մեջ, տեղ մը հասնելուն, միշտ վարանումի պես բան մը ունեին նոր շրջան մը սկսելե առաջ. ասով մասնավոր եղանակ մը կձեւանար. փոֆ, փոֆ, փոֆ, փոֆ փոֆ. մտքեն այս տարօրինակ նվագին կհետեւեր, հաճույք մը կզգար: Այդ վայրկյանին իր հոգվույն ու մտքին մեջ այդ խորհրդավոր ձայնեն զատ բան մը չկար. ո՞վ էր ինքը, ի՞նչ կփնտրեր այս շոգենավին մեջ. ո՞ւր պիտի երթար. չէր գիտեր, իրա՛վ որ չէր գիտեր:

Պոլիս իր վաճառականներուն հանդիպեցավ. խոժոռ ու դաժան դեմքեր գտավ միայն, որոնց տեսքը անգամ իր լեզուն պապանձեցուց. քաջությո՛ւն. ըսե՛ սա երկաթե քացան խրոխտորեն բացող ու գոցող մարդուն, որ զավակներուդ ուտելիք տանիլ խոստացած ես այս իրիկուն. ո՛չ, չկրցավ ըսել:

Շուկան թափառեցավ առանց բան մը ասելու մեկու մը. խանութներեն ներս նայեցավ քիչ մը. հետո ոսկերիչներու կրպակներուն դեմը կեցավ քառորդ ժամի մը չափ, ադամանդե զարդերու վրա զմայլված. իր աղջիկներուն երբեք չէր կրցած հատ մը տալ ասոնցմե, ու հիշեց որ իր երկու աղջիկները կսպասին իրեն: Ժամը հարցուց: Իրիկուն էր. այն ատեն վազել սկսավ. ուշ մնացեր էր. պարապ վարանումներու ու մեծ սրտության ատեն չէր. հաց պետք էր ու պիտի ուզեր առջի դեմը ելլող ծանոթեն: Զարմա~նք. ինքը որ այնքան շատ մարդ կճանչնար, անոնցմե մեկուն չէր հանդիպեր: Սա դեմի կողմեն քալողը կճանչնար անշուշտ. ատենով իրեն մրցակից եղող վաճառական մըն էր, բայց շատոնց բարեւը կտրած էին, իր աղքատանալեն ի վեր. սա մյուսը, որ արագ քայլերով իր քովեն անցավ հիմա, ան ալ կճանչնար, ատենով երաշխավոր ալ եղած էր անոր, բայց քանի մը օր առաջ մեճիտիե մը փոխ տալ մերժած էր եւ հիմա ալ փախչելու պես, երեսը պահելով իր քովեն կ'անցներ: Ծերուկ մը, մինակ, բարեւեց զինքը. իրմե ավելի դժբախտ մը:

Կամուրջը հասած կեցավ. չկրցավ անցնիլ. տասը փարա չուներ. այդ պահուն զգաց որ բան մը կպակսեր: Ինքզինքը հարցուփորձեց ու պատճառը գտավ. պայուսակը մոռցեր էր տեղ մը. ետ դարձավ, վազեց, ի՞նչ ընելու համար:

Ը

Ծովուն վրա կծփար, կ'օրորվեր, կտատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը, իր տասնհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կփայլեր:

Ու մարդուն վզին սերտիվ կապած սեւ կաշիե պայուսակի մը մասը, ջուրեն դուրս մնացած, կծփար անոր հետ, ատեն-ատեն գլուխը սուզել տալով քիչ մը դեպի վար. հետո այդ գլուխը վեր կ'ելլեր իսկույն, ազատելու ճիգով մը պայուսակին ծանրութենեն:

Ծովին հայելիին պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կնմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջն ալ զատված չէին իրարմե: Կապը անեղծ կմնար ամեն տեղ: Քար լեցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսուհետեւ. հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ եւ ուռեցվորած. իր տեղը՝ մարդոց թեւին տակը չէր ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչահեղձ մնացած էր, ո՛չ. այդ պայուսակը՝ իր անողորմ համառությամբը, իր հուսահատեցուցիչ դատարկությամբը, մարդոց ճիտին պարտքը կմարմնացներ անշուշտ. իր ճշմաիրտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հոն ուր հաստատված էր հիմա:

Եվ երեսուն տարիե ի վեր, վտարվածի մը նման՝ որ առջի անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կ'ուրախանա, քեյֆ կ'ընե, ծովուն ամեն ծփանքին հետ՝ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կգգվեր ու կշոյեր:

<1892>