ԿՅԱՆՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՀԸ

Ա

 

Տոքթոռ Վահանյան սովորական բժիշկ մը չէր. մարմնի հիավնդություններուն չափ ու, թերեւս անոնցմե ավելի, հոգիի ցավերուն հետամուտ, հետաքրքիր բժիշկ է անիկա: Իր ըմբռնումին ու դատողության չափ՝ իր ներողության սահմանը ընդարձակ է: Գիտության ֆոռմյուլներուն, կամ իր արհեստին մեքենական կիրառումին մեջ տափակցած ու չքացած միտք մը չէ:

Իր հմտության մեծությունը՝ չոր ու ցամաք ապառաժի զանգվածին չի նմանիր բնավ, այլ դալար դաշտավայրի մը ծիծղուն երեւույթը ունի:

Վաթսունի մոտ, մազը մորուքը ճերմակած, տկարակազմ բայց զվարթախոս մեկն է տոքթոռը:

Մահվան դեմ իր քառասուն տարվան բժիշկի մղած պայքարովը, մտերմություն մը հաստատած է կարծես անոր հետ. անոր ամեն դավերը ու խաղերը գիտե. անոր զարհուրելի, երբեմն հանկարծահաս ու երբեմն համեցող հարվածներուն բոլոր գաղտնիքները ուսումնսիրած է:

Իր խոսակցությունը օգտավետ դասերով, ուղիղ դիտողություններով ու իմաստուն խորհրդածություններով կվխտա: Անձնական փորձառութենեն ու հիշատակներեն պատմությունները հետաքրքրությամբ մտիկ կ'ըլլվին:

Քատըգյուղի իր տանը մեջ իրիկուն մը ժողվվեր էինք, եւ մարդոց համար ամենեն հետաքրքական հարցումը մեջտեղ նետվեցավ հանկարծ: Ո՞րն էր հազար տեսակ մահերուն ամենեն քաղցրը, բժշկական ու հոգեբանական կրկին տեսակետով:

Հայտնված կարծիքներուն մեջ համաձայնություն չկար. առողջ ու կայտառ աղջիկ մը, որ Ռաֆայել կարդացեր էր եւ դալուկ ու նիհար կազմվածքի մը կտենչար, թոքախտի հյուծումն է, ըսավ, էն գեղեցիկ մահը. երիտասարդի մը կարծիքին նայելով՝ ռեվոլվերի գնդակն էր ուղեղին մեջ. ուրիշ մը՝ ծովահեղձ ըլլալը ամենեն քիչ տանջանք տվող վախճան մը ըլլալուն վրա պնդեց. քլորոֆորմը երկու կուսակից գտավ:

Բնության ու գիտության հնարած բոլոր միջոցները զատ-զատ քննվեցան ու քննադատվեցան. ամենքն ալ իրեց աղեկ ու գեշ կողմերը ունեին:

Տոքթոռը ինքը, մտիկ կ'ըներ ամենուս, առանց բառ մը արտասանելու. վեճը կ'երկարեր ու համաձայնության մը գալե հեռու էինք:

-Ես,- ըսավ տոքթոռը, խոսքերնիս կտրելով,- ամենեն քաղցր մահը տեսա, բայց չեմ կրնար պնդել, որ ամեն անգամ մարդս կրնա զայն իր ձեռքին տակ ունենալ. մեկ հատիկ մահն էր ասիկա զոր, իմ տեսած հազարավորներուս մեջեն, ոչ միայն ամենեն հեշտն էր կրնամ ըսել, այլ իրոք քաղցրն ու երջանիկն էր:

Պատմություն մը ուներ լեզվին ծայրը. խելոք կեցած տղոց պես մտիկ ըրինք զինքը:

Բ

Տասը տարի կա անկե ի վեր. բարեկենդանի գիշեր մը իմ դրացիներես մեկուն տանը մեջ երեկույթ մը կար. տիկին անունը պետք չէ ձեզի, այնպես չէ՞, քառասունը հազիվ թեւակոխեր էր, բայց երեսունհինգ տարու չէր ցուցներ վրայեն. այն շատ հավնված ու շատ սիրված կնիկներեն մեկն էր որոնց սերունդը հետզհետե պակսելու, անհետանալու վրա է մեր մեջ. իր մասին պատմված առասպելներու վրա ամենեն առաջ եւ ամենեն շատ խնդացողը ինքն էր: Սուտ պարկեշտություններու, կեղծավոր կարմրություններու կինը չէր այն կինը. գլխեն մինչեւ ոտքը ամեն բան խիզախ ու համարձակ էր վրան:

-Աղվոր կուրծք մը չունեցողները միայն de՛collte՛-ին թշնամի են, - կ'ըսեր խնդալով, եւ հոժարակամ կպարզեր իր լանջին կոհակները քոռսեին բացվածքեն:

Էրիկը, ծերունի մը, հայր մը գրեթե տարիքով, հոր մը թույլտվությունները, ազատությունները թողած էր անոր: Էն աղվոր երիտասարդները, էն շնորհով մարդիկը իր շուրջն էին, թիթեռնիկներու պես դառնալով, երբեմն էրելով, մրկելով, իր ջերմ ու կիզիչ մթնոլորտին մեջ:

Բոլոր կիները չէին քաշեր զինքը, կնախանձեին, կչարախոսեին իր վրա. անոր համարձակ վարմունքը իրենց պարտկված մեղքերուն, իրենց շինծու ամոթխածությանը դեմ պայծառ արեւի մը հալածիչ լույսին կնմաներ՝ խպնոտ ստվերներու վրա սփռված:

Ասոր հետ մեկտեղ, երբեք չէին պակսեր անոր տունեն, նոր երեկույթներեն, ուր էն աղվոր, էն զվարթ, էն նրաբմիտ ընկերությունը գտնելուն ապահով էին:

Ատեն-ատեն կկանչեին զիս այս տունեն, տիկնոջ համար որ մարելիքի պես տագնապներ կ'ունենար երբեմն: Առջի քննութենես՝ սրտի հիվանդության մը հաստատ նշաները գտեր էի վրան, բայց զինքը չխռովելու համար բավականացեր էի ըսելով.

-Բան մը չեն ասոնք, պարզ ջղային անհանգստություններ:

Գլխավոր բանը քիչ մը հանդարտ կյանք վարելու պետքն էր. այս եղավ իմ պատվերս ալ. բայց ո՞վ մտիկ կ'ըներ ինծի:

Օր մը նեղացա:

-Տիկին ,- ըսի,- պարապ տեղը երթալ գալեն չեմ ախորժիր. մանի որ իմ պատվիրած բանս չեք ըներ, պետք չկա որ զիս կանչեք ուրիշ անգամ. ավելի հաճոյակատար բժիշկի մը դիմեցեք, խնդրեմ: Հիվանդս հասկցավ, եւ որովհետեւ մտքի ու սրտի տեր կին մըն էր, իսկույն ներում խնդրեց այնպիսի քաղցր ու անուշ ձայնով մը, որուն դեմ կենալու էն քարսիրտ մարդն անգամ կարող չէր:

-Ձեր աղեկության համար է իմ պահանջումս. չեմ կրնար առողջության բոլոր կանոններուն հակառակ ձեր վարած կենցաղին ավերումները տեսնել եւ լուռ կենալ, չեմ կրնար ձեզ չարգիլել այս կյանքը շարունակելե:

-Օր մը ավելի՞ ապրելու համար, տոքթոռս,- պատասխանեց ինծի ժպտալով,- օր մը ավելի՞ տառապելու համար. եւ բռնելով ձեռքս, ստիպելով զիս որ քովը նստիմ, երբ ես մեկնելու կպատրաստվեի արդեն շարունակեց.

-Դուք, բժիշկներ, կյանքը երկարացնելու աշխատող մարդիկ, կիներուն՝ այս հեք էակներուն կյանքը պահպանելու մի՛ աշխատիք, քանի որ չեք կրնար այդ կյանքը իր թարմության, իր գեղեցկության մեջ անայլայլ ու հաստատ պահել. ճերմակած թափած մազերու, փոթփոթած երեսի, թուլցած մսի մը ավելի կամ նվազ տեւողությունը նշանակություն չունի. կինը իր երիտասարդության, իր հրապույրներուն մեջ կրնա՞ք վար դնել, կեցնել: Չե՞ք կրնար, թող տվեք ուրեմն որ երթա հոսկե. իր պաշտոնը, իր կոչումը ավարտած է ան. ի~նչ, կպահանջես ձայնը մարած երգիչեն՝ որ սրահին վրա՞ կենա, մինչեւ որ սուլեն, ծաղրեն ու նախատեն զինքը. կինը ծիծաղ մըն է , պետք չէ որ լացի փոխվի:

Հիվանդությունը կսաստկանար, հեղձումները կհաճախեին ու միշտ խուլ կմնար անիկա իմ խրատներուս, եւ իր զբոսանքի, հաճույքի կյանքը անխափան կշարունակեր: Տարօրինակ, բայց թերեւս ամենեն ուղիղ ըմբռնումն էր իրենը՝ աշխարհիս մեջ կնոջ մը դերին եւ կոչումին վրա: Հույսը եւ ուրախությունն էր ինքը եւ անձնուրաց արիությամբ մը կբաշխեր իր կենդանությունը, իր շնորհքը, իր հրապույրը, երբոր ինքը պետք ուներ ատոնց: Քոփեի մանիշակ ծախող աղջիկին պես.

Elle mourait de I'hiver, en vendant le printemps.