ԼՈՒՌ ՑԱՎԵՐ

ԶԱԲՈՒՂՈՆ

Բ

Զաբուղոն նշանված էր. կզարմանա՞ք:

Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ: Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին:

Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. եւ աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը:

Ամենքնիս կճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուչաններով, արդակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները:

Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կպտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կվայելեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ'ըներ զինքը: Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ'անդրադառնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կնայեին իրեն, ամեն անգամ, որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձեւերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը:

Վասիլիկ՝ ինը գոհ կթվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կպաշեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երեւան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ:

Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կսկսեր իրեն համար ու գիշերը կվերջանար. վասնզի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կսպասեր:

Ուրիշներ կրնային ըսել որ “այսքան օր” ապրեցան. ինքը պիտի ըսեր “այսքան գիշեր”:

Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը:

Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կթվեր իր աչքին, եւ այսպես ամեն հասկները ու ամեն գույները կարգով կծնադրեին իր առջեւ, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն: