ԼՈՒՌ ՑԱՎԵՐ

ՌԵՀԱՆ

Ա

 

Ան ատենն ալ առատ մազերը կսիրեի ու քովընտի նստած՝ կդիտեի ձյունասպիտակ ծոծրակին վրա ժողվված սեւ թումբը՝ պարտեզին մեջ տեղ-տեղ դրված կազի լապտերներու լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով , որուն աչքերս հառած կմնային:

Ինչե~ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ:

Հեռվեն՝ նայվածքս կհետեւեր անոնց շնորհալի շրջագծին, կամակ ելեւէջներուն, ըմբոստ պզտիկ թելերուն,- ըմբոստ՝ որպես են ամեն պզտիկները,-որոնք սանտրեն փախչելով կդառնային կ'իյնային վար, զսպանակի գալարումներով:

Քիչ-քիչ, մտերմություն կհաստատեի անոնց հետ. կճանչնայի զանոնք, գրեթե կխոսեի հետերնին:

Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:

Անո՞ր համար երկար ատեն սեւեռած մնաց վրաս. չեմ գիտեր. բայց ինծի այնպես թվաց, որ այդ նայվածքը մանրամասն հետախուզեց զիս. չափեց, ձեւեց, տեսավ մանավանդ զմայլած ու քիչ մը ապշած արտահայտությունը աչքերուս: Գոհ երեւեցավ անշուշտ այս քննութենեն, վասն զի ժպիտ մը գծագրվիլը ու աներեւութանալը մեկ եղավ երեսին սաստիկ կարմրությանը մեջ, այն վերջալույսի տարտամ շառավիղներուն նման որոնք արեւմուտքին մեջ կհալին՝ համասփյուռ շեկություն մը ձգելով հորիզոնին վրա: