ԼՈՒՌ ՑԱՎԵՐ

ՌԵՀԱՆ

Գ

 

Կեսգիշերին մոտ էր երբոր բազմությունը ցրվիլ սկսավ. լուսինը անհետացեր էր. անոնք ալ ոտքի ելան. գլխու աննշմարելի շարժում մը՝ որ երկուքիս միայն հասկնալի ըլլալուն համար այնքան ավելի քաղցր բարեւ մը ձեւացուց:

Հեռվեն ուղեկից եղա իրենց, ու ճամփուն վրա, մութին մեջ տեսա իր նազելի գլուխը՝ որ ետին կդառնար մեկը փնտրելու համար կարծես:

Համր ու դանդաղ քալվածքով մը կ'երթային ու հորը ձայնը կ'իմանայի մեզ շրջապատող անդորր լռության մեջ, խիստ ու հրամայող ձայն մը որ հնազանդություն կպատվիրեր:

Արդեն կմեղքնայի զինքը.ի~նչ կքաշեր արդյոք խստասիրտ հոր մը ճնշումին տակ. մեծ ծառի մը անքույթ հովանիին ներքեւ փթթած ծաղիկ՝ որ քամիի հարվածներուն դեմ պաշտպանված է անշուշտ, բայց ուզածին չափ արեւին երեսը չի տեսներ. անդին, ուրիշներ կան, բաց օդին, ձյունին ու բուքին ձգվածներ, որոնց՝ վտանգները ու վայելքները հավասարապես շռայլված են. ո՞րն է բախտավորը ասոնցմե:

Կզգամ որ իմս վանդակներու ետին պահվըտող աղջիկ մըն է. իր վեհերոտ ձեւը այս համոզումը կուտա ինծի: Ո՞վ էինքը. ո՞ւր կբնակի. այս հարցումները այնքան ավելի կհուզեն միտքս որքան ահա քիչ-քիչ կմոտենան հարկավ իրենց տունին:

Կանգ առին վերջապես ֆրերներու դպրոցին կողմը, նոր շինված տան մը առջեւ. պզտիկ սպասուհի մը՝ կանթեղ մը բռնած ձեռքը, դուռը բացավ. ես քայլ մըն ալ առի մոտենալու ու վերջին անգամ մը տեսնելու համար զինքը. հայրը մտավ նախ, վերջը մյուսները, տարիքի կարգով. էն վերջը մտավ անիկա ու ես մինակ մնացի տասը քայլ հեռուն, փողոցին մթությանը մեջ:

Ան ատեն ուզածիս պես դիտեցի տունը. դեպի Քուշ-Տիլի իջնող զառիվայրին ու հոն վազող վտակին կնայեր երեսը. գեղջուկ ու սիրուն բան մը ուներ. աջ կողմը՝ անկյունի սենյակը, էն աղվոր դիրքով, լույս մը երեւցավ հանկարծ ու փողոցեն կրցա տեսնել զայն, մազերը թափած հիմա, որ բաց պատուհանին առջեւ եկավ կանգ առնելու վայրկյան մը ու դիտելու Մոտայի ծոցը՝ իր սեղմված հողե լանջքերուն մեջ:

Հետո լույսը մարավ ու ամեն բան խավարի մեջը ինկավ հանկարծ: