ԱՆՁՐԵՎ

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է։
Ինչ—որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է։
Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ո՞ւմ և ինչու,
Բայց սպասում է:
Քամին քարայն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին…
Ախ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է։
Ինչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է։
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է։
Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է։
Ուռին ճչում է կարծես,
-Հասե՜ք, աղետ է։-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է։
Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը Նորին Մեծություն
Փլված երկինքը։
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:
Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին։
Հավքը բախվեց ուռենուն…
Ոստերից նրա
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա։
Ելավ քամին քարայրից,
էխ դու գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.
Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է ինչ կանի,-
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի…
Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց։
Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից…
Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է: