ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից
Ինչու՞ էր երկար թվում գիշերը,
Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում։:


Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ոչ մի անգամ չէի քարկոծում,
Երբ վազում էին ձեր գիժ հորթերը
Մեր կանաչ-կանաչ բանջարանոցում...


Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց ուզում էի գտնել մի հնար,
Որ ձեր ծաղկաբույր դեզի ստվերը
Ամբողջ օրը մեր կտուրին մնար։:


Ես չգիտեի, թե ինչ է սերը,
Բայց երբ քո տատը մեր տուն էր գալիս,
Շփոթվում էին սրտիս զարկերը,
Եվ պոկվում էի օջախի սալից։:


Բայց երբ գնացի ես հեռուները,
Ես չմոռացա նոր սիրո բոցում,
Տատիդ փեշերը, դեզի ստվերը,
Այն գիժ հորթերը բանջարանոցում։:


Ձեր այն պարտեզը, ձեր այն ծառերը...
Եվ նոր հասկացա առանց թախծելու,
Որ այդ է եղել առաջին սերը
Ու երբեք-երբեք չի մոռացվելու։:
1954 թ