ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԼՈՒԶ ԵՐԶՆԿԱՑԻ
(~1230—1293)

Ծնվել է մոտավորապես 1230 թ., Եկեղյաց գավառում, հավանաբար Երզնկա քաղաքում: Սերում է իշխանական տնից: ՈՒսումնառության վաղ տարիներն անց է կացրել Երզնկայի դպրանոցներում, հատկապես Ս. Մինասի վանքում: Այնուհետև աշակերտել է Վարդան վարդապետ Արևելցուն: 1268 թ. հասել է վարդապետական աստիճանի: Եղել է ուսուցիչ և շրջիկ քարոզիչ ինչպես բուն Հայաստանի տարբեր կողմերում, այնպես էլ Կիլիկիայում: Այցելել է Երուսաղեմ: Շփում ունենալով հայության տարբեր հատվածների հետ՝ նա հետամուտ է եղել հայ եկեղեցու դերի ամրապնդմանը, ժողովրդի ազգային ոգու բարձրացմանը: Նրա նախաձեռնությամբ Երզնկայում 1280 թ. ստեղծվել է աշխարհիկ "Եղբարց միություն", որը միավորել է քաղաքի տարբեր շերտերի, մասնավորապես առևտրականների ու արհեստավորների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով կազմակերպել տեղի հայության կյանքը, օժանդակել կարիքի մեջ գտնվողներին, վտանգի դեպքում պատրաստ լինել դիմադրելու արտաքին թշնամուն: Երզնկացին եղել է եղբայրության հոգևոր առաջնորդը և գրել նրա "Սահման և կանոնքը": 1284 թ. գիտնական-վարդապետը Թիֆլիսում հայոց կաթուղիկե եկեղեցում տիեզերագիտական ճառ է արտասանում ՈՒմեկ իշխանի որդի Վախտանգի և Դոփյան Հովհան եպիսկոպոսի խնդրանքով: Մինչ այդ Երզնկացին կիլիկյան ապլոցի իշխանի պատվերով գրել էր "Յաղագս երկնային զարդուց" մեծածավալ քերթվածը: Կյանքի վերջին տարիներին Երզնկացին ապրել և ստեղծագործել է Կիլիկիայում, Ակների վանքում, ուր և վախճանվել է 1293 թ.: Թաղվել է Երզնկայի Ս. Նշան եկեղեցում:

Բազմաբովանդակ է Երզնկացու մատենագրական վաստակը: Նա գրել է ճառեր, կանոնական և մեկնողական գրվածքներ, խրատականներ ու թղթեր, տարբեր ժանրի չափածո ստեղծագործություններ: Նրա ժառանգության միայն մի մասն է հրատարակված: Բանաստեղծի չափածոն աչքի է ընկնում խոհական-իմաստասիրական խորքով, խրատական ուղղվածությամբ, արտահայտության պարզությամբ: