ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

I
Կանչում է կըրկին, կանչում անդադար
Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն,
ՈՒ՝ թևերն ահա փըռած տիրաբար՝
Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:
Ուր որ է հայրենի օջախի առաջ
վաղու˜ց կարոտով ըսպասում են ինձ,
Ու ձըմռան երկար գիշերը նստած՝
Խոսում են Լոռու հին - հին քաջերից:
Դեպի են սարերը, որ վես , վիթխարի,
Հարբած շարքերով բըռնած շուրջպարի,
Հըսկա˜ շուրջպարի բըռնած երկընքում,
Հըրճվում են , ասես էն մեծ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դըստեր,
Որ Դև - Ալ, Դև - Բեթ և այլ հըսկաներ,
Խոլ - խոլ հըսկաներ հընոց աշխարհի,
Փախցրին բերին անառիկ Լոռի:
II  
Է˜յ հին ծանոթներ , է˜յ կանաչ սարեր ,
Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան ,
Առաջըս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր , որ հիմի չըկան :
Անցել են , ոնց որ ծաղկունքը պես - պես,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցե˜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես:
Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում :
Ողջյու˜ն ձեզ , կայնքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ ,
Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես:
Դու՛րս եկեք կըրկին շիրիմից, խավարից,
Դու՛րս եկեք տեսնեմ, շոշափեմ , լսեմ,
Կյանքով շընչեցե˜ք,ապրեցե˜ք նորից,
Լըցրե˜ք պոետի հաճույքը վըսեմ…
III
Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ շըմակի լըռին խորքերից,
Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի
Արձագանքն ահա լըսում եմ նորից:
Թընդում է զըվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից,
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մութից,
Ու թա˜րմ , ցողապատ լեռների լանջում…
Սու˜ս … ակա՛նջ արա, - հովիվն է կանչում …
IV
Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս խելամաղ անում ,
Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում,
Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր
Ընկել եմ հանդեր:
 
Ամա˜ն, էրեցիր սիրտս քու սիրով,
Ոտըս կապեցիր թել - թել մազերով.
Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով,
Ա՛յ սարի ազջիկ,
Ա՛յ սիրուն ազջիկ,
Ա՛յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ:
 
Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան ,
Արին կըթափեմ ես գետի նըման .
Սարերը կընկնեմ , կորչեմ անգյուման,
Ա՛յ սև աչքերով,
Ա՛յ ծով աչքերով,
Ունքերըդ կամար
Աղջիկ, քեզ համար:
V
Երգում է Սարոն, ու չի կարենում
Աղջիկը հանգիստ նըստի վըրանում:
-Էն ո՞վ էր, նանի, որ կանչում էր մեզ,
Դու չե՞ս իմանում … ականջ արա, տե՛ս…
Հերի՛ք է, Անու՛շ, ներս արի դագեն,
Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասի ի՞նչ աղջիկ է սա…
Հազար մարդի մոտ կերթա կըխոսա:
Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին ,
Ի՞նչքան ավելուկ է տալիս կանանչին …
Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ ,
Էն սարի լանջին “ջան գյուլում” ասեմ :
Հանգիստ կաց , Անուշ , դու հասած աղջիկ,
Ինչ ունիս ջահել չոբանների մոտ,
Նըստիր վըրանում , քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց աղջի ամոթ է ամո˜թ:
Ա˜խ, սիրտըս , նանի՛, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա˜ծ, տըխու˜ր,
Մին թև է առնում , ուզում է թըռչի ,
Չըգիտեմ՝ թե ու˜ր, չըգիտեմ՝ թե ու˜ր…
Նա՛նի ջան , նա՛՛նի, ես ի՞նչպես անեմ,
Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ.
Նա՛նի ջան , նա՛՛նի, կուժը թող առնեմ ,
Աղբյուրը գընամ աղջիկների հետ…
VI
Կըժները ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկները,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զնգում սարն ի վեր:
 
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Էն ու՞մ յարն է նըստած լալի
Հոնգուր - հոնգուր էն սարում :
 
Ա՛յ պաղ ջըրեր զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից ,
ալիս՝ անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խըմեց էդ ջըրից
Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ,
Վառված սիրտը էն յարի:
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի …
 
Աղջի՛ քւ յարն եկավ անցավ
Վառված, տարված քւ սիրով,
Էրված ջիգյարն՝ եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջըրով…
 
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում.
Ա՛խ իմ ազիզ յարն է լալի
Հոնգուր - հոնգուր էն սարում :
VI
Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ
Ձեն տըվավ թաքում մի խավար կասկած.
Էն ե˜րբ էր՝ Անուշն իր կուժը առավ,
Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ…
Ամպերն եկել են սարերը պատել ,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի…
Ու ելավ տեղից պառավը հանկարծ.
Ո՞ւր կորար , Անու˜շ, ա՛յ մազըդ կըտրած …
Ու ձորի գըլխին, ձեռը ճակատին ,
Կանչում է կանչում անահ զավակին:
- Աղջի ˜, սևասիրտ, քու ահը կըտրի,
Աղջիկը մենակ ձո՞րը կըմտնի,
Ամպը կոխել է , աշխարքը մըթնել,
Ի՞նչ ես կորցրել՝ չես կարում գըտնել …
Աղջի, հե˜յ, Անուշ, ա՛յ աղջի˜, Անու˜շ…
Ծընկանը զարկում, հառաչում է “վու˜շ”
Ու ձորի գըլխին մոլորված կանգնած
Նայում է ներքև սիրտը սևակնած:
Ամպերն եկել են սարերն պատել,
Ձորերը լըցվել, իրար փաթաթվել,
Հազար չար ու շառ, հազար հարամի,
Հազար ջահելներ վըխտում են հիմի:
VIII
-Թո՛ղ, կանչում են ինձ … մերըս կիմանա…
-Չէ՛, Անու՛շ, քի՛չ էլ մընա…
-Չէ՛, թող ես գնամ … ա˜խ, ի˜նչ խենթ եմ ես…
Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես ,
Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում ,
Դու սարի լանջին խաղեր ես կանչում …
Վաղու˜ց, վաղուց ես դու ինձ մոռացել …
Ես ե՛րբ եմ եկել էստեղ քարացել
Ու մընում եմ քեզ, մընու˜մ անիրա՛վ,
Էնքան մընացի՝ աչքս ջուր դառավ.
Ինձ չես լըսում,
Չես ափսոսում,
Էլ չեմ ասում ՝
Ինչ կըլնեմ ես…
Ես կըվառվեմ,
Հուր կըդառնամ ,
Ես կըհալվեմ ,
Ջուր կըդառնամ ,
Ես չըգիտեմ ՝
Ինչ կըդառնամ,
Թե որ մին էլ
Էսպես մընամ…
Ասում են ՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես:
Խեղճը դողալով՝
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ:
Ջըրերի վըրա
ըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց,
Ու ամբողջ տարին
Մի միտք էր անում,
Թե յարը յարին
Ոնց է մոռանում …
-Ա˜խ, Անու˜շ, Անու˜շ, էդ ի՞նչ ես անում.
Բա դու չե՞ս լըսում.
Էն, որ լանջերին խաղեր եմ ասում,
Ո՞ւմ հետ եմ խոսում …
Էն, որ գիշերով շըհու եմ թըչում,
Էն ու՞մ եմ կանչում …
Էն, որ մոլորված նըստած եմ մընում,
Ո՞մ հետ եմ լինում …
Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում,
Էն ու՞մ եմ հիշում …
-Ա˜խ, Անու˜շ, Անու˜շ, անաստված Անու˜շ…
Արբեցա˜ծ, անու˜ժ
Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ,
Հալվեցա˜վ, հանգա˜վ…
IX
Անու˜շ, ա՛յ աղջի˜, Անուշ, տու՛ն արի…
Կանչում է մերը, հառաչում , կանչում :
-Գալիս եմ, գալի˜ս, գալիս եմ, նանի˜…
Ձորից աղջկա ձենն ղողանջում:
Ու մազերն անկարգ տըված թիկունքով
Ու ցըրված շիկնած այտերի վըրան,
Դուրս եկավ թեթև ամպերի տակից
Անուշը՝ փախած եղնիկի նման:
Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին,
Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա,
Թողել է էն էլ ջըրի եզերքին…
Ա˜խ, անհոգություն ջահել աղջըկա …
Նանի՛, վախեցի, գանգատվում է նա,
Եվ ուզում է լալ, չի կարողանում.
Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա,
Կարծեցի ՝ թուրքեր էին լողանում …
Անիծում է ծեր մերը բարկացած
Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին,
Ու անեծք տալով իջնում է նա ցած՝
Դատարկ ետ բերած հին կուշժը ուսին: