ՄԱՐՈՆ

I  
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ.
Ի˜նչ է ուզում՝ չըգիտեմ …
Պաս չենք էնտեղ մենք ուզում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր.
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վնաս
Գալիս են մեզ անպակաս:
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալիս:
II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին:
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն - գույն մանրիկ ավազում:
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Որ միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի …
Մարո˜, անբա˜խ, վաղամե˜ռ,
Դու մանակության իմ ընկեր,
Ո˜րքան ենք մեք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե˜լ…
III
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավեր:
Ու Մարոյի մայրիկը
Երբոր բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
Շնորհակալ ենք մենք, ասին.
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի.
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից …
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց.
Կամքըդ լինի, տեր աստված…
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կաոյին:
IV
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ- բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս.
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան:
Շատ էր սիրում և Մարոն.
Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանեփ, չամիչ ու խնձոր …
V
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով - թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը …
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանագնեցրեց.
Տ՞եր ես , որդյա՛կ, հարցըրեց:
Տեր եմ ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն …
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էապես օրհնեց իր փեսին.
Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի…
Իսկ երբ հնչեց “տարան- հա˜” -ն,
Նըրան փեսի տուն տարան:
Պսակեսին Մարոյին ,
Տըվին չոբան Կարոյին:
VI
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն …
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն .
Փախավ, եկավ ետ հոր տուն :
Եկավ լացեց նա վըշտոտ.
Ես չեմ գընալ նրա մոտ .
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին …
VII
Հայրիկն էն ժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ.
Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս …
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը:
VIII
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով:
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն -մենակ
Մեր հանդերում շարունակ :
  IX
Շատ ամիսներ անց կացած…
Դիմացի սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ ,
Թե՝ իմացե՛ք , որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան …
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած , երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր:
Շատ լաց եղավ և Կարոն…
Մեռա˜վ, գնաց մեր Մարոն:
X
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդրին:
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին:
XI
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին …
Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա˜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա˜ն,
Ո՞ւր փախար դու , Մարո ջա˜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա˜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա˜ն …
Կորանալով էն քարին,
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփլում էր մեն մենակ
Հեռվից երկար ժամանակ: