ԳԻՔՈՐԸ

(կրճատումներով) 

I

 Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարհքը մի գցի, չեմ ուզում, — լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց։

Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ։

Տանեցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։

Քույրը՝ Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալիս. “Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜, Գիքո՜լ”։

Գիքորը շուտ-շուտ հետ էր նայում։ Տեսնում էր՝ դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մեկ էլ ետ նայեց. գյուղը ծածկվել էր բլուրի հետև։

Այնուհետև Գիքորը հետ էր ընկնում։

— Արի հա՛, Գիքո՛ր ջան, արի հա՛, հասանք հա՛, — որդուն կանչելով գնում էր Համբոն՝ շալակին մի խուրջին՝ մեջը մի քանի հաց ու պանիր։

Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՜ւ մշուշում։

— Ա՛յ, ապի՛, մեր տունն էն ա, հա՜, — ցույց տվեց Գիքորը՝ մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը ըսկի չէր երևում, ու անցան։

Առաջին իրիկունը հյուր եղան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն էր։ Մի ջահել աղջիկ շխկշխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր պատրաստում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորը մտքում դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զանիի համար մի էն տեսակ շոր առնի։

Մյուս օրը քաղաք մտան, բազարն իջան։

— Բիձա, էդ երեխին ծառա ես տալո՞ւ, — խանութի ներսից հարցրեց մի վաճառական։

— Հրամա՛նք ես, — ասաց Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց։

— Բեր, ինձ տուր, ես կբռնեմ, — առաջարկեց վաճառականը։

Նրան ասում էին բազազ Արտեմ։

II

Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվեց բազազ Արւոեմի տանը։ Պայմանն էն էր, որ Գիքորը պետք է տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր ու էս տեսակ մանր ծառայություններ, մինչև մի տարի։

Մի տարուց հետո բազազը նրան պետք է տաներ խանութ, դարձներ “աշկերտ”, ու էսպես Գիքորը պետք է բարձրանար։

— Հինգ տարի դեռ փող չեմ տա, — ասաց բազազը պայմանը կապելիս։ — Թե դրուստը կուզես, դեռ դու պետք է տաս, որ քու որդին բան է սովորելու։ Ախար իսկի բան չգիտի...

— Որտեղից գիտենա, խազեին ջան, — պատասխանեց Համբոն, — որ գիտենար, էլ ո՞ւր կբերեի։ Ես էլ բերել եմ, որ բան սովորի։ Իմ դարդն էլ էն ա, աղա ջան, որ մարդ դառնա, լեզու սովորի, գրել-կարդալ սովորի, նստել-վեր կենալ սովորի, մարդ ճանաչի, որ ինձ նման խեղճ ու զուրկ չմնա...

Բազազը Համբոյին միամտացրեց ու դուրս գնաց՝ բարձր ձենով հրամայելով. “Չա՛յ բերեք, հաց բերեք սրանց համար...”։

III

Հեր ու որդի նստած էին բազազ Արտեմի խոհանոցում։

— Դե՛հ, հիմի դու գիտես, Գիքո՛ր ջան, տեսնեմ՝ ինչ տեսակ տղա ես դուրս գալի... Մտիկ արա, հա՜, ձեռնաքաշություն չանես։ Կարելի ա քեզ փորձելու համար փող վեր կգցեն, մոտենա՛ս ոչ։ Թե վերցնես էլ, տար, ասա. “Խանո՛ւմ, էս ի՞նչ փող ա, էստեղ վեր ընկած էր”։ Դես-դեն

չընկնես, ձեռդ ընկած փողը քոռուփուչ չանես, հազար ու մի պակասություն ունենք։ Քեզ էլ լավ պահի, գիշերները բաց չլինես, մրսես... Մեկ-մեկ եկողի հետ գիր ուղարկի... Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ չեն տա, բան չկա, ծառայի կարգն էդ ա... Օրեր են, կմթնեն, անց կկենան...

Շարունակում էր հերն իր խրատը, բայց Գիքորը քնել էր արդեն։

Էն երկու օրը նա էնքան բան էր տեսել, էս ու էն կողմը նայել, որ հոգնել էր բոլորովին։

Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնզգույն չթերը, տեսակ-տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող երեխաների խմբերը, իրար հետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանաչի բարձած ավանակները... Էս ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված ղժվժում էր նրա գլխում։ Եվ նա հոգնել էր ու հորը հենված քնել։

IV

Խանութում Գիքորին ապրանք պետք է տային մուշտարիների հետ տանելու, չիթ պետք է ծալեր, խանութը սրբեր, իսկ պարապ ժամանակը՝ մուշտարի կանչեր։

Եվ ահա Գիքորը հաց է տանում խանութը։ Կերակրամանը ձեռքին, մաշված ու դժգույն մեծ-մեծ ոտնամանները քարշ տալով՝ անց է կենում կամրջով։ Նայեց ներքև։ Քարվանսարաների բարձր պատերին զարկելով ծառս էր լինում Քուռը, ոլորվում, պտտվում ու ճնշելով խեղդվում, խուլ թշշում կամուրջի տակ։

Ափից մոտիկ պտտում էր մի կանաչ նավակ։ Երկու հոգի կային նրա մեջ. մեկը ուռկան էր ձգում, մյուսը նավն էր կառավարում։

“Ա՛յ, հիմի կհանի”, ասաց Գիքորն ու կանգնած նայում էր ձկնորսներին։ Ուռկանը դատարկ դուրս եկավ։

Էս մինն իմ բախտից, — ասաց Գիքորը ուռկանը ձգելիս։

Գիքորի բախտը դատարկ դուրս եկավ։

Էս մինն էլ մեր Զանիի բախտից։

Էս էլ դատարկ դուրս եկավ։

Էս մինն էլ Գալոյի բախտից։ — Գալոն էլ էր անբախտ։

Մոտիկ քարվանսարի դռանը աղմուկ բարձրացավ։ Մի պարսիկ կապիկ էր պար ածում երգելով։

Ժողովուրդը հավաքվել էր գլխին, ու վազում էին չորս կողմից։ Գիքորն էլ վազեց։ Աշխատեց կանգնած ժողովրդի արանքը մտնի, առաջ անցնի, չկարողացավ։ Վիզը ձգեց, թաթերի ծայրերի վրա կանգնեց ու ճգնում էր անպատճառ տեսնի, թե ինչ է կատարվում մեջտեղը։

— Ի՞նչ ես ներս խցկվում, տո լածիրակ, գնա քու բանին, — ասաց մի կինտո ու զարկեց գլխին։

Գիքորը հանկարծ սթափվեց ու վազեց դեպի խանութը։

V

Իրիկունը Գիքորը կուչ էր եկել խոհանոցում։ Դեռ արտասուքը չէր ցամաքել նրա երեսին, դեռ այրվում էին խազեինի ապտակների տեղերը, երբ շվշվացնելով ներս մտավ Վասոն՝ բազազի աշակերտը։ Գիքորին նկատելով՝ նա իսկույն կանգ առավ ու դեմքին լրջություն տալով, սպառնալի հարցրեց.

— Կլուբում ուշացա՞ր, տո արջի՛ քոթոթ, թե՞ գուբերնատի մոտ վռազ գործ ունեիր...

Գիքորը լուռ էր։

— Չե՞ս իմանում, տո՛, որտե՞ղ էիր, է՛, էսօր ինձ քաղցած սպանեցիր։ Որ մեռնեի՝ հետո՞...

Էսպես խոսելով՝ կամաց-կամաց մոտեցավ, մի քիչ կանգնեց ու հանկարծ զարկեց Գիքորի գլխին։ Գիքորը երկու ձեռքով գլուխը պաշտպանեց ու սեղմվեց պատին։ Վասոն պատրաստվում էր մի ուրիշ ձևի հարված էլ հասցնելու, բայց լսվեց խազեինի ձայնը։ Գալիս էր։

Ապա տես հիմի քեզ ինչ է անում, — սպառնաց Վասոն։

“Հիմի ինձ կսպանեն” , անցավ Գիքորի մտքով։

Խազեինը արդեն բավականին ծեծել էր խանութում, այժմ միայն հրամայեց հաց չտան, որ իմանա, թե ինչ բան է քաղցածությունը։

Վտանգն անցավ։

Գիքորը կծկվեց, գլուխը կոխեց վերմակի տակը, տապ արավ։ Վասոն հաց էր ուտում։ Գիքորը վերմակի տակից երբեմն զգույշ ծիկրակում, թաքուն նայում էր նրան, կրկին աչքերը ծածկում։ Նա էն օրը հաց չէր դրել բերանը, ծեծվել ու լաց էր եղել, այժմ էլ քաղցած պառկեց, ու քունը չէր տանում։

— Հը՞, ո՞նց ա, սոված քունդ չի՞ տանում, հա՜, էդպե՜ս..., — նկատեց չարաճճի Վասոն ու մի կտոր հաց ու պանիր տվեց Գիքորին։ — Դե՛ , ա՛ռ, թաքուն կեր, խազեինը չիմանա։

Գիքորը հափշտակեց հաց ու պանիրը, թաքուն ուտում էր ու մտածում։ Մտածում էր իրենց տան մասին, էն օրերի մասին, երբ ազատ խաղում էր հանդերում ու լիասիրտ հաց ուտում, մտածում էր էն երեկոների մասին, երբ հերն ու մերը կռվում էին իրեն քաղաք բերելու համար... մերը լաց էր լինում, չէր ուզում...

— Ա՜խ, նանի ջա՜ն, ինչ լավ էր սիրտդ իմացել, — հառաչում էր Գիքորը ու հաց ու պանիրն ուտում՝ ականջը սրած, թե խազեինը հո չի գալիս։

Իսկ առավոտը կանգնած էր խանութի դռանն ու կանչում էր.

— Է՛ստի համեցե՜ք, է՜ստի համեցե՜ք...

VI

Ձմեռը եկավ։ Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում է քաղաքի վրայով, փողոցներում սուրում, սուլում, վզզալով մտնում է անկյունները, աղքատի ու տկլորի է ման գալի, պանդուխտ ու անտեր երեխա է որոնում։

Ահա գտավ Գիքորին։

Մի բարակ բլուզ հագին, խանութի դռանը կանգնած՝ ձեն էր տալի նա.

— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք...

— Հրե՜սսս... — չարախինդ սուլելով՝ ցուրտը աներևույթ թրի նման զարկեց անցավ ոսկորները։ Գիքորը դողաց։

Առանց էն էլ նա շատ էր մաշված, էդքանն էլ հերիք էր նրան։ Ու անկողին ընկավ։

Հիվանդ պառկած էր Գրքորը բազազ Արտեմի խոհանոցում։ Պառավ դեդին օրը մի քանի անգամ ներս էր մտնում իրեն-իրեն խոսելով.

— Ի՞նչ կուզես, որդի, Գիքո՛ր։

— Ջո՜ւր...

— Դեդին ջուր էր տալիս։ Հիվանդը դողդոջուն ձեռներով բռնում, ագահ խմում էր ու կրկին ուզում։

— Էս սիրտս հովացնում չի, դե՛դի... Ես մեր աղբրի սառը ջրից եմ ուզում, դե՛դի... Ես մեր տունն եմ գնում... Ես իմ նանին եմ ուզում...

Բազազ Արտեմը ցավի մեջ էր ընկել։ Նա դես-դեն ընկավ, նրանց կողմերից մարդ գտավ, ապսպրեց, որ Համբոն գա, իսկ Գիքորին տարավ քաղաքային հիվանդանոցը։

Էնտեղ շատ հիվանդներ կային շարքերով պառկած։ Տխուր տնքում էին անզոր հայացքներով։

Գիքորին էլ պառկեցրին նրանց շարքում։

Էստեղ գտավ նրան հայրը։

Էդ ի՞նչ ես եղել, Գիքո՛ր ջան, — մղկտալով վրա ընկավ Համբոն։

Գիքորը տաքության մեջ չիմացավ հոր գալը։

Գիքո՛ր ջան, բա եկել եմ, է՛, Գիքո՛ր ջան... Ես քու ապին եմ, է՛...

Հիվանդը ոչինչ չհասկացավ։ Նա զառանցում էր ու զառանցանքների մեջ կանչում էր.

— “Միկի՜չ, Զանի՜, ապի՜, նանի՜...”։

— Էստեղ եմ, Գիքո՛ր ջան, նանը ուղարկել ա, որ քեզ տանեմ մեր տունը... գալիս չե՞ս... Միկիչն ու Զանին հրեն, քեզ ճամփա են պահում։ Ի՞նչ ես ասում, դե խոսա է, Գիքո՛ր ջան։

— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք, — բացականչեց հիվանդը, զանազան անկապ, կցկտուր խոսքեր ասաց ու ծիծաղում էր տաքության մեջ։

VII

Մի երկու օրից հետո Համբոն գնում էր իրենց գյուղը։ Նա թաղել էր Գիքորին ու գնում էր։ Թևի տակ տանում էր Գիքորի շորերը, որ մերը լաց լինի վրեն։ Շորերի գրպաններում մի բուռ փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան։ Էն էլ երևի քրոջ՝ Զանիի համար էր հավաքել ու պահել...

Գնում էր Համբոն ու մտածում։ Շատ ժամանակ չէր անցել, որ էդ միևնույն ճամփով քաղաք եկավ իր Գիքորի հետ։ Ահա էստեղ էր, որ նա ասաց.

— Ապի՛, ոտներս ցավում են...

Եվ ահա էն ծառը, որի տակ նստեցին հանգստանալու...

Ահա էնտեղ էր, որ ասաց.

— Ապի՛, ծարավ եմ...

Ահա էն աղբյուրը, որ ջուր խմեցին...

Մյուս օրը, երբ Համբոն անցնում էր լեռները, հեռվո՜ւմ երևաց իրենց գյուղը։ Գյուղից դուրս կանգնած սպասում էին նանը, Զանին, Միկիչը, Մոսին, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից կանչում էր.

— Ալի, ալի, հե՜Գիքո՜լ...