ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ

Կեսգիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից ,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից :

Կախ է ընկած առնանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկար դարեր
Ու վառվում է միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ :

Ոչ մարդկային ձեռք կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ -քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին ,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ կասկածոտ սըրտերին ,

Ով անմեղ է , լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, -

Նա կըտեսնի Էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից