Ինչ ես կատաղել անմեղ արարքից

Ինչ ես կատաղել անմեղ արարքից,
Միամիտ ամբոխ, ես ի՞նչ արեցի.
Ուզում ես անհետ քշել աշխարհքից,
Որ ես իմ պարտքը միայն կատարեցի:
Արժանավորի առաջ խոնարհված
Ես պատարագ եմ մատուցանում,
Եվ չար նախանձից ահա կուրացած
Դուն ինձ քարկոծել ես ցանկանում:
Հապա քո աստվածը որտե՞ղ է բնակվում,
Այնտե՞ղ արդյոք, ուր դուն էլ չգիտես,
Նա՞ է որ միայն սարսափ է զարկում,
Այդպիսի աստված ո՞վ քարոզեց քեզ:
Միամիտ ամբոխ, մոլորված ես դուն,
Ես անգիտությամբ կուռք չըպաշտեցի.
Ես այն մարդու մեջ տեսա աստըծուն,
Ահա թե ինչու երկրպագեցի: