ԱԽԹԱՄԱՐ

 Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա
Ծովն է մտնում գաղթագողի
Ամեն գիշեր մի տըղա:
Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:
Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:
Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:
Ծփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի,
ոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:
Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:
Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր...
Ահա եւ նա... իրար գըտան...
Խորհրդավոր լուռ գիշեր...
Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են եզերքին.
Եվ հեղհեղուկ հեռանում են
Շըշունջներով անմեկին:
Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից...
Բամբասում են կուսի սըրտում...
Ժամ է արդեն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին...
Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նըրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սեւ ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական:
Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերում
Հառաչանքներն - “Ախ, Թամար...”
Մոտ է ձայնը, սեւ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խըլացած
Ու մերթ լըսվում ուժասպառ.
“Ախ, Թամար...”
Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ.
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
“Ախ, Թամար...”
Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց “Ախթամար”

Երվան - 1995