Հին աշխարհից առաքված սիրո ծրարները

Հին աշխարհից առաքված սիրո ծրարները
սպիտակ-կարմիր են
և բացվում են գարնան թաց ճյուղերին:-
Ամեն ինչ փոխանցված-ընթերցված չէ դեռ-
անցյալի հղումները սառեցված մումիաներ են
ձեր հիշողության դամբարանադաշտում,
և հարություն կառնեն ներկայի սև-սաթ արցունքներով:-
Քո մաշկի վրա տոհմիկ հուշարարները
ի՜նչ գաղտնիքներ ասես չուրվագրեցին,
ի՜նչ առասպելներ չկաթեցրին ունկերիդ մեջ,
բայց դու սարսում ես դեռ սահմանների ահից
ժամանակի ու տարածության,
անագորույն ճիչն է ամպհովանի քեզ,
երբ կոպերի ջերմիկ բացխուփի մեջ
բոլոր ծաղկունքների խտասալիկն է անտես հանգրվանել:
Հմուտ փորձագետի դատողությամբ կռահում ես վաղը:-
Ապագան թաղված է անցյալի կրծքում:
Քո ձեռնափը դողի անդաստան է սոսկ, երբ
հին աշխարհից արձակված մի գարուն
հսկա շուշանի պես տարածվում է երկրին-
վախեցնելով երազ հորինողներին: