ԱՊՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿ

 Քաղաքը ներքաշվում է իր պուրակի մեջ,
ջանում ազատվել բանդագուշանքներից նոր ու վաղնջական,
մելամաղձի երկար պատգամախոսությունից,
ստահոդ մաղթանքներից,
բնիկների անխռով հուսահատությունից,
ունայն ծիծաղից զբոսաշրջիկների,
գիշերային անձրեւներից,
անծանոթ խրախճանքներից ու թռչուններից,
եղերերգերից ու սիրուց արժեզրկվող,
հարբեցողներից, գողերից, սրբերից ու կատարյալ լուրջերից,
հապավումներից թմբկահարվող,
ասես օդամղիչով սփռվող կարծրատիպերից, -


մի աներեւույթ պարիսպ է ձգում քաղաքն իր շուրջ,
բարիտոնով իր թելադրում դանդաղ
մերժման ու հրաժարման օդաներ,
քավության նախաբաններ,
Հայտնության վարկած ու տեսություն,
ռազմի պոետիկա,
նվիրական անեծքներն իր գաղտնագրվող,
օրհնաբանումներ պարականոն...


Հետո քնում է նա շշմածի պես -
քաղաքը՝ փռված անծածկոց: -
Եվ քնից առաջ անտես մատներով իր
հաշվում է կողերս, մերսում երազներն իմ ուղեղիս մեջ: