Գիշեր ու ծով եմ ձայնագրում

Գիշեր ու ծով եմ ձայնագրում
լիալուսնի ցոլանք - սկավառակին, -


խռովությունների աղաղակներ են խուժում չորս ծագից,
զինավառ ուրվականների դոփյունն է փշրում անդորրի ճենապակին,
ոռնոցը, ոռնոցը գիշատիչների ծածկում է եթերը անպաշտպան,
դավերից արձակվող փսփսուքներն են
հրահեղուկի պես շաչում խլաշունչ,
Նրա քրքիջն է ահեղաբաս թնդում,
ճչում են ժամերը հետախույզ ռադիոալիքների ասես անմեղսունակ խայթոցներից,
խենթ Կոմիտասի կցկտուր մրմունջն է լսողության մեջ սրսկվում տենդահար,
նախագահ ահաբեկիչների հրամաններն են
գաղտնազերծված բախվում մետաղաձայն,
մեռյալ երեխաների լացը անկարեկից
զգայարաններ է շարքից հանում կարճ միացման ուժով, -


եւ ինչ գրվում է լիալուսնի ցոլանք-սկավառակին,

այդ ո՞վ, ո՞վ է զգույշ վերցնում եղածը,
խնամքով դնում գունեղ տուփի մեջ
եւ տանում իր հետ -
իբրեւ թիվ մեկ հիթը այս խստաճաշակ տիեզերքի...