Հանուն ազատության-

Ամերիկան դիակներով ու
վառվող նավթի թանձրաշերտ ծխով պատեց
Իրաքի միջագետքյան բնանկարը
հանուն ազատության Ամերիկան ռմբահարեց
հինավուրց Աֆղանստանի յուրաքանչյուր թիզ հողը
սերբական ըմբոստ երկիրը խոցոտեց
ծովահրեշի քամահրանքով
հանուն ազատության Ամերիկան անհայտի
մառախուղին մատնեց Ղարաբաղն ու Աբխազիան
ուր զանգերն այնպես ազատ են ղողանջում
որ երկյուղի մեջ մեկեն քարանում են
աշխարհը պատանքող կարմիր-կապույտ-աստղակիր դրոշները
հանուն ազատության Ամերիկան երազում է
բզիկ-բզիկ անել պատմական Իրանը
քանզի նախընտրում է նա գույների մի այլ դասավորություն
պարսկական հոգու շշնջոցով
հանուն ազատության Ամերիկան պատին է սեղմում
էկզոտիկ բնիկներին մայրցամաքների
իր բոլոր կենվորների քայլերն է հսկում
մինչեւ արտաքնոց ու անկողին-
հսկա-ամենատես դիտակ ինչպես
հանուն ազատության այլոց շնչառությունն է չափագրում
անկոչ բժշկի փութաջանությամբ
եւ սեղմո՜ւմ-սեղմո՜ւմ աշխարհն արար
իր անպարագիծ ցնորք ՈԿ-ի մեջ...