ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՋԻՎԱՆԻ
1846 –1909

Ջիվանի [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում)–20.2(5.3).1909, Թիֆլիս] հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։

Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868—95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է “ուստաբաշի” (գլխ. վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և “Սոխակ Հայաստանի” երգարանի հատորներում։

   1870—90-ական թթ. հասարակական մտքի և ազգային-ագատագր. շարժման վերելքի տարիներին Ջ-ու սիրային, քնարական երգերին փոխարինելու են գալիս բողոքի և ըմբոստության երգերը։ Նա համոզված էր, որ արևմտահայության ազատագրման հարցը լուծել կարող է միայն Ռուսաստանը (“Մեծ քեռի”, “Ով սիրուն, սիրուն”)։ Նույնիսկ 1905-ի հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ջ. չի հուսահատվել, նա հավատացել է, որ հայ ժողովրդի ազատության արեգակը ծագելու է “հյուսիսից”։

  

Ջ-ու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Իշխող անարդարությունը բացատրել է շահագործումով, հարստահարությամբ։ Ջ. խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին (Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել է “Գայլածին”)։ Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն (“Այծյամ”, “Սիրուն հավ”, “Ես մի ծառ եմ ծիրանի”, “Հո տառը”, “Քաջ բազե” ևն)։ Ջ. քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ “ձախորդ օրերը կուգան ու կերթան”։ Նրա համար խորթ են ազգ. և կրոն. խտրությունները։

   Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են (“Պաղ աղբյուրի մոտ”, “Նազելույս ամպ է իջել” ևն)։

   Ջ. հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։

   Ջ. XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգ. դպրոց։

   Ջ. աշուղական երգը մաքրել է արլ. ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։ Մեզ է հասել Ջ-ի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Թուրքերենից փոխադրել է “Աշըղ-Ղարիբի հեքիաթը” (1887), “Քյարամի և Ասլիի հեքիաթը” (1888), “Մելիք-Շահի հեքիաթը” (1898)։ Երգչի ստեղծագործությունը բարձր են գնահատել հայ և ռուս արվեստագետներ, գիտնականներ (Հ. Թումանյան, Մ. Գորկի, Ն. Մառ, Վ. Բրյուսով, Վ. Կիրպոտին և այլք)։

Կ. Դուրգարյան

 

 

Աղբյուր՝ Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1983թ.

Տրամադրել է՝ Սվետլանա Ավագյան
Scanned: Աննա Վրթանեսյան
OCR: Աննա Վրթանեսյան
Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան

Տրամադրել է՝ armenianhouse.org