ՀՈՎԻԿ

Առավոտյան քաղցըր հովիկ,
Գընա դեպ երկիրըն Ջավախ,
ՈՒնիմ մեկ ծերունի մայրիկ,
Գընա տես ի գյուղըն Կարծախ:

Այտեղ է ազգըս, երամըս,
Քույր ու եղբայր, բարեկամըս,
Այնտեղ մեռած պապ ու մամըս,
Գերեզմանը մտած են վաղ:

Ինձանից շատ բարև արա,
Երբ դու մորըս լինիս ներկա,
Գընա հատկապես Կիլերթա,
Նա է մեր գյուղի մեջ մեկ թաղ:

Այն թաղի մեջն է մեր տունը,
Քերոբ է եղբորըս անունը.
Ինձ համար կըտրել է քունը
Մայրըս տըրտում է ու անծիծաղ:

Հովի'կ, Ջիվանուցըս լուր տուր,
Թե հարցանեն ինձի համար՝
Ասա, թե միշտ ձեռին քընար,
Խալխի համար կանչում է խաղ: