ՄԱԶԵՐ

Գույներդ փոփոխվեց, եղաք ցրտահար
Աշնան վարդի նման, սպիտակ մազեր.
Ձեր դուրս գալու տեղը իմ հոգիս դուրս գար,
Չընկնեի այս օրվան, սպիտակ մազեր:

Կանայք երես են դարձնում ձեզանից,
Ձեր պատճառով չեն ախորժում ինձանից,
Աշխույժ երիտասարդներու շրջանից
Զրկեցիք, անպիտան, սպիտակ մազեր:

Ձնոտ ամպի նման չոքեցիք գլխիս,
Արևս բռնվեց, տխրեցավ հոգիս,
Այդքան շուտով չէիք գտնի անբախտիս,
Թե լինեիք լավ բան, սպիտակ մազեր:

Ջիվանու քնարին մեծ հարված տվիք,
Ձեզ տեսնելով ինձ չեն կանչում հարսանիք:
Իմ գործիս ահագին վնաս հասցրիք,
Ձախորդության նշան սպիտակ մազեր: