ԻՄ ԵՐԳԸ

Պանդխտության մեջ լրացավ իմ երեսունամյակս,
Ինձանից դեռ չի հեռացել հավատարիմ ջութակս,
Քառասուն և իննի մեջը մտավ արդեն հասակս,
Գնում եմ դեպի ծերություն, դառնանում է վիճակս,
Հետզհետե մազերուս մեջն շատանում է ճերմակս,
Սկսում է նսեմանալ լուսատու աշտանակս:

Քննում եմ իմ անցյալս, տեսնում եմ ես անկատար,
Իմ թողած հետքս վաղանցուկ, ծաղկի պես թույլ ու տկար,
Մանկությունից մինչև այսօր բռնել եմ մեկ ճանապարհ,
Հետևել եմ իմ արվեստին, նվագել եմ ես քնար.
Նշանավոր, օգտավետ գործ չեմ թողել ազգիս համար,
Մի քանի հատ չոր ու ցամաք երգեր է հիշատակս:

Թանկագին ու անդառնալի թարմությունս շուտ գնաց,
Ոչ մի օգուտ ես չունեցա, խոստովանեմ բացեբաց.
Հանգամանքից չօգտվեցի, չեղա ես շրջահայաց.
Առավոտյան բացվիլը՝ բութ աքլորս չարավ իմաց.
Իմ մտավոր աշխարհի մեծ բաժինը խավար մնաց,
Մթամած սև ամպի տակից դուրս չեկավ արեգակս:

Բնության գաղտնիքը մութ է, ծովի անդունդից խոր է,
Ընկնողը դուրս չի գալիս, վիհ է, անատակ հոր է.
Աշխարհը անփոփոխ է, լուսնյակը հին ու նոր է,
Մեկը անբախտացել է նոր, մյուսը՝ բախտավոր է,
Չէի կարծում և մտածում՝ ամենը անցավոր է,
Ժանգոտված պղինձ կդառնա, ոսկի է ժամանակը:

Ես, Ջիվանս ամենին աղաչել եմ, պաղատել եմ,
Որ լինին սիրով, միաբան, մեջս այսպես դատել եմ.
Ինչ տեղում ատելության հոգու ծնունդ նկատել եմ,
Պատճառին առանց վախի՝ հանդիմանել, նախատել եմ,
Ինչքան իմ ուժս պատել է, այնքանով աշխատել եմ,
Ժողովրդին մի օգուտ տալ՝ եղել է նպատակս: