ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
ՈՒզում է որս խլել, խելքի' աշեցեք.
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք:

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
ՈՒզում է ձու ածել, խելքի' աշեցեք:

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի' աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի' աշեցեք:

ՈՒղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած` կարածե ոչխար.
Աղվեսը` հավանոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի' աշեցեք:

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի' աշեցեք:

ՈՒրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի' աշեցեք:

Ավել հոգսը վնաս կտա յուր անձին,
ՈՒրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի' աշեցեք:

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին,
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք:

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
ՈՒրիշն է վայելել, խելքի' աշեցեք:

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով`
Բանտի մեջ է փտել, խելքի' աշեցեք:

Մարդ կա` գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անել, խելքի' աշեցեք:

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար,
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի' աշցեք:

Ինց կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի' աշեցեք:

Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք:

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած`
Բանաստեղծ է դարձել, խելքի' աշեցեք: