Քաղաքից
հեռանալով,
ես բռնեցի
Քանասարի ճանապարհը:
Բայց հանկարծ
վարանում եկավ
վրաս: Դեպի
ո՛ր կողմը
գնալ: Բարձրանալ
դեպի Սասուն,
թե իջնել Մշո
դաշտ: Դեպի
Սասուն գնալու
համար ես պետք
է բարձրանայի
Սիմ լեռան
լանջերն ի
վեր և նրա գագաթներից
մեկով, որ ճանճիկ
էր կոչվում,
շրջվեի Շենիք
և Սեմալ գյուղերի
վրա: Մշո դաշտ
գնալու համար՝
պետք է շարժվեի
Քանասարի լանջերով՝
ուղղություն
վերցնելով
դեպի արևելք:
Քանի որ բռնել
էի վերջին
ճանապարհը,
որոշեցի շարունակել
այն:
Իմ ետևում
մնաց Մուշ
քաղաքը իր
աղջկանց վարժարանի
նորակառույց
շենքով: Այդ
շինության
վրա մի ժամանակ
ես էլ էի աշխատում,
օգնելով իմ
Հովհաննես
հորեղբորը,
որ որմնադիր
էր այնտեղ:
Քար ու շաղախ
էի կրում, որ
հայոց աղջիկները
կարդան:
Քանասարի վրա
մի նշանավոր
վայր կար, որ
Ծծմակա Քիթ
էր կոչվում:
Ծծմակը քարքարոտ
բազուկներից
մեկն էր, որ
կտրուկ իջնելով
վերջանում
էր Մշո դաշտի
մեջ, Ալվառինջ
գյուղի ետևում:
Երեք գյուղ
կար Մշո դաշտում,
ուր բնակիչները
կաթոլիկ էին՝
Հավատորիկ,
Բերդակ և Նորշեն:
Ես աննկատելի
հասել էի վերջին
երկու գյուղի
սահմանագլխին
և պատրաստվում
էի Ալվառինջի
մոտով դեպի
Ծըծմակ բարձրանալ,
երբ տեսա երկու
մարդ վազում
են իմ ետևից:
Մեկը նորշենցի
էր, իսկ մյուսը՝
բերդակցի:
Նորշենցին
միջակից քիչ
ցածր էր, բարակ
կեռ բեղերով,
ձեռքին մի
կծիկ պարան
կար և մի քանի
ցցափայտ: Նա
զայրացած վիճում
էր բերդակցու
հետ, որը ոչ
մի կերպ չէր
համաձայնում
պարանի ծայրը
բռնել: Նրանք
մեկ-երկու
տեղով կանգ
առան, նորից
վիճեցին և
համաձայնության
չգալով՝ շտապեցին
իմ ետևից:
— Երևում է դու
մշեցի ես և
քաղաքից ես
գալիս, մի եկ
էս չվանի ծայրը
պահիր՝ սահմանը
որոշենք, — ասաց
նորշենցին,
որին կոչում
էին Ֆրանկ-Մոսո,
և իմ թևից քաշելով
պարանի ծայրը
զոռով դրեց
բռիս մեջ:
— Դե հիմա գնա
դեպի Բերդակ
գյուղի Սալով
աղբյուրի կողմը:
Ես չվանը կամաց-կամաց
կարձակեմ քո
ետևից, որտեղ
կասեմ՝ կանգնիր,
կկանգնես,
— ասաց Ֆրանկ-Մոսոն
և իր մոտի ցցափայտերը
ինձ տալով՝
հրամայեց,
որ առաջանամ:
Վերցրի ցցերն
ու գլուխս
դեպի նրա ցույց
տված կողմը
ուղղելով,
շարժվեցի առաջ,
իմ ետևից քարշ
տալով պարանը:
— Էդտեղ կանգնիր,
— գոռաց Ֆրանկ-Մոսոն
իմ ետևից և
դառնալով բերդակցուն՝
ասաց. — երկայնքը
վաթսուն չվան
է, իսկ լենքը
եղավ քսան
չվան ու կես:
էլի՛ գնա, — հրամայեց
նորշենցին,
ու ես, պարանի
ծայրը մեջքիս
ետև բռնած,
ցցերը թևատակիս
շարժվեցի առաջ:
— Էդտեղ կանգնիր:
էս եղավ հիսուներկու
չվան ու կես,
— ազդարարեց
նորշենցին:
— Իսկ հիմա երեք
չվան ետ արի
ու գնա դեպի
Նորշենի կողմը,
— կարգադրեց
բերդակցին՝
պարանի ծայրը
նորշենցու
ձեռքից բարկությամբ
վերցնելով:
Այս անգամ
ես կատարեցի
բերդակցու
հրամանը: Այդ
մարդիկ ինձ
այնքան տարան
ու բերեցին
մերթ դեպի
Բերդակի, մերթ
դեպի Նորշենի
կողմը, որ ես
հոգնեցի քարափից-քարափ
գնալով, մի
հանդից մյուսը
վազվզելով:
Նորշենցին
ու բերդակցին
նորից սկսեցին
տաքացած վիճել:
Բերդակցին
բարկությունից
նորշենցիներին
անվանում էր
“գրիրա (կրյա)
ուտող), իսկ
նորշենցին
բերդակցիներին՝
“շաղգամ ուտող
գավռցի”, և քիչ
մնաց գործը
տուրուդմբոցի
հասներ”
Պատմությունը
իմացա:
Այս երկու
գյուղերի միջև
սահմանային
վեճ կար: Մեկը
մյուսի սահմանաքարերը
հանելով՝ գիշերով
գաղտնի փոխադրում
էր մյուսի
կողմը՝ հանած
քարերի հետքերը
վարպետորեն
ջնջելով: Սահմանային
այդ վեճը այնպիսի
սուր բնույթ
էր ընդունել,
որ նույնիսկ
կռիվներ էին
տեղի ունեցել
մեկ-երկու
քարափի կամ
խանդակի համար:
Մի քանի անգամ
պաշտոնական
մարդիկ էին
եկել կենտրոնից
և չէին կարողացել
հաշտություն
կայացնել դրանց
միջև:
— Չեղա՜վ, — ասել
էր բերդակցին:
— Չեղա՜վ, — պնդել
էր նորշենցին:
Եվ ահա այս
երկու հարևան
գյուղերի ներկայացուցիչները
համայնքների
կողմից լիազորված
իջել էին դաշտ՝
իրենց գյուղամիջյան
սահմանը վերջնականապես
ճշտելու: Եվ
որովհետև բերդակցիները
գավառի, այսինքն
Սասունի կողմից
գաղթած լեռնականներ
էին և իրենց
շաղգամի արտերը
և խոտհարքները
չափում էին
պարանով, ինչպես
իրենց պապերն
էին արել, ուստի
բերդակցին
առաջարկել
էր սահմանային
վեճը լուծել
անպայման պարանի
օգնությամբ:
Նորից ինձ
տարան ու բերին
քարափից-քարափ
և այնքան վիճեցին,
որ իրենք էլ
հոգնեցին,
ես էլ: Երբ չվանը
տանում էի
դեպի Բերդակի
հողային տարածությունները,
բերդակցին
էր գոռում
նորշենցու
վրա, երբ Նորշենի
կողմն էի տանում,
նորշենցին
էր նեղանում
ու խռոված
հեռանում:
— Չեղա՜վ, — ասում
էր բերդակցին:
— Չեղա՜վ, — պնդում
էր նորշենցին:
Պաշտոնյաներից
մեկը արել
էր այսպիսի
մի առաջարկություն.
“Գնացեք ձեր
տները, ամեն
մեկդ ձեր ուզած
ձևով մի ճաշ
եփել տվեք,
լցրեք հողե
ամանների մեջ
և նույն ժամին
հավասար քայլով
ճամփա ընկեք
դեպի դաշտ:
Որտեղ ձեր
ճաշերը սառեցին,
այնտեղ էլ
կդրվի ձեր
սահմանը”:
Տեսան, որ համաձայնության
չեն գալիս,
որոշեցին հարցը
այդ ձևով կարգավորել:
Ինձ վկա գրեցին
վիճելի սահմանի
վրա, մոտս թողնելով
պարանի կծիկն
ու ցցափայտերը,
իսկ իրենք
գնացին, մեկը՝
դեպի Բերդակ,
մյուսը՝ Ֆրանկ-Նորշեն:
ճիշտն ասած,
ես էլ դեմ չէի,
որ հարցը այդ
ձևով լուծվի,
որովհետև այդ
գյուղերի հանդերը
չափչփելով
այնպես էի
հոգնել ու
քաղցել, որ
սիրով կուզենայի
բաժին ունենալ
նրանց եփած
ճաշերից:
Ես այդտեղ
սպասեցի մինչև
եղավ կեսօր:
Մեկ էլ վեր
նայեցի՝ տեսնեմ
գալիս են, բերդակցին՝
Բերդակի կողմից,
Ֆրանկ-նորշենցին՝
Նորշենի: Գալիս
էին հավասար
քայլով, ինչպես
պայմանավորվել
էին, և հանդիսավորությամբ,
ամեն մեկի
ետևից մի քանի
մարդ և կին
իբրև վկա, նաև
երեխաներ,
ամանով ճաշերը
իրենց կրծքի
առաջ երկու
ձեռքով պահած:
Հանկարծ Ֆրանկ-Մոսոն
իրենց սահմանի
մեջ շփոթված
կանգ առավ:
Նրա եփած ճաշը
ձվածեղ էր
և սառել էր
դեռ չհասած
նույնիսկ նախկին
սահմանին:
Իսկ բերդակցու
կինը խորամանկ
էր եղել և եփել
էր սամիրով
ճաշ: Սամիրը
դեղին կորեկի
տեսք ունեցող
գավարսն է:
Ծեծում են
և նրանից եփում
են թանով սամրե
ճաշ, որ երկար
ժամանակ տաք
է մնում:
Բերդակցին
անցավ իրենց
գյուղի նախկին
սահմանը և
Հաղթական շարժվեց
դեպի նորշենցու
կանգնած տեղը,
մի քանի ոտնաչափ
խորանալով
հարևան գյուղի
հողային տարածության
մեջ: Ես ցիցը
տարա և ամրացրի
Ֆրանկ-Մոսոյի
կանգնած տեղում:
Այդպես հաջորդաբար
ամրացրի նաև
մյուս ցցերը:
Ու սահմանը
որոշվեց ժողովրդական
հավատքի ուժով՝
համաձայն պայմանի:
Ձվածեղը բերդակցին
կերավ, իսկ
սամիրով ճաշը
բաժին ընկավ
ինձ:
— Վա՜յ, Կաքավ,
Մոկնաց Հովհաննեսի
աղջիկ, էս չվանի
մեջ ավելի
շատ խելք կա,
քան քո գլխի,
— բացականչեց
Ֆրանկ-Մոսոն
իր կնոջ հասցեին,
պարանի կծիկն
ու մնացած
ցցերը իմ ձեռքից
առնելով: — Աշխարհը
քո սիրուն
երեսին նայի,
թե քո բռնած
գործին:
— Կնոջ խելքը
բնովի է և ոչ
թե գնովի, — վրա
թերեց բեր՜դակցին
մանրիկ ծիծաղելով:
Թեպետ հողային
սահմանը երկու
գյուղերի միջև
վճռվեց իրենց
պայմանավորված
ձևով, բայց
ես զգացի, որ
Ֆրանկ-նորշենցիները
դժգոհ մնացին
արդյունքից
և նրանցից
մեկը նույնիսկ
ոտքով աննկատելի
զարկեց իմ
ձեռքին, երբ
ես կռացած
վերջին ցիցն
էի ամրացնում:
Կողմերը շարժվեցին
դեպի իրենց
գյուղերը,
բերդակցիներր
ուրախ տրամադրությամբ,
նորշենցիներր
տխուր:
Ամենից տխուրը
Ֆրանկ-Մոսոն
էր: սա քայլում
էր գլուխը
կախ, կարծես
ամաչելով գյուղ
մտնել:
Իսկ իմ մտքերը
ուրիշ տեղ
էին:
Դաշտեցի այդ
երկու հողագործների
միջև ծագած
վեճը ավարտված
համարելով,
ես իմ կապոցը
վերցրի և Բերդակ
գյուղի տակով
քայլերս ուղղեցի
դեպի Ծծմակի
բարձունքները: