Ծծմակի
գագաթի մոտ
մի բարձր քարաժայռ
կար: Մագլցեցի
վեր և նստեցի
այդ ժայռին:
Կողքիս մի
խոր կիրճ էր
բացվում, երևում
էին վիհեր,
անձավներ:
Այդ կիրճն
ու վիհերը
համարվում
էին Մշո դաշտի
բուք ու բորանի
որջերը: Այդտեղից
էին ամպրոպն
ու մրրիկը
որոտմունքով
խուժում դաշտի
վրա:
Ծծմակը հայտնի
էր իր կաքավներով,
որոնք վաղ
արևածագից
մինչև ուշ
մայրամուտ
կվկվում էին
ձորերի ու
ծերպերի մեջ,
իրենց գունագեղ
փետուրները
ժայռերին թափելով:
Վարժապետ Սենեքերիմը
պատմում էր,
որ երբ Մշո
դաշտի հեթանոս
տաճարները
կործանվեցին,
նրանց քրմերն
ու քրմուհիները
քարակաքավներ
դարձան ու
թռան դեպի
ապառաժոտ բլուրները:
Նրանց մի մասը
թաքնվեց Ծծմակա
Քթի ծերպերի
մեջ:
Ահա նրանք
խմբերով բխում
են Ծծմակի
քարուտներից
և, խախաբալով
ու զգույշ
պտույտներ
գործելով արևի
տակ՝ մայրամուտից
առաջ շտապում
են թաքնվել
իրենց խոռոչներում:
Մի քանիսը
ուղղակի իմ
ոտքի տակից
թռան և ոլորապտույտ
գլորվեցին
դեպի ձորը:
Ես նայում
եմ նրանց և
մի տեսակ սրբազան
ղող է պատում
ինձ. մի՞թե
իսկապես դրանք
այն հին քրմերի
ու քրմուհիների
վերափոխված
մնացորդներն
են:
Բարձր քարաժայռին
նստած ես երկար
նայեցի Մշո
դաշտին: Բայց
դաշտի առաջին
բնակիչները,
ըստ ավանդության,
եղել է Սիմ
նահապետի սերունդը,
որ ջրհեղեղից
հետո բնակություն
է հաստատել
Մշո թիկունքի
լեռներին,
որոնք նրա
անունով այնուհետև
կոչվեցին Սիմ:
Սիմ նահապետի
կրտսեր որդի
Տարբանին բաժին
ընկավ այդ
լեռների առաջ
տարածված հարթությունը.
այն էլ նրա
անունով կոչվեց
Տարբանի կամ
Տարոնի դաշտ:
Մի ուրիշ բան
էլ էր պատմում
պարոն Սենեքերիմը:
Ոչ, սխալվեցի,
այդ պատմողը
Մելքոն վարժապետն
էր, “Ռանչպարների
կանչի” հեղինակը:
նա ասում էր,
որ Մաշտոցի
գրերից առաջ
Հայաստանում
եղել են քարե
հեթանոս մատյաններ:
Երբ թշնամին
մտել է Տարոն
և սկսել է դրանք
ջարդել, նրանց
միջի բոլոր
գրերը մի ակնթարթում
դարձել են
մեղուներ և
աղմկալի դուրս
փախչելով քարե
մատյաններից՝
պարս են կապել
Ծծմակի և Ծիրնկատարի
ապառաժներին:
— Գնացեք դեպի
Ծծմակի կողմերը:
Առաքելոց վանքի
ճանապարհին,
ուր Արաբոյի
քարն է, — աչքերը
սրբելով ասաց
մի անգամ Մելքոն
վարդապետը,
— իր մոլեգին
սլացքի մեջ
անշարժացած
մի գագաթ կա
թուխ ժայռերով,
որ կոչվում
է Մեղրի քարեր:
Դա մեղրաճանճեր
դարձած մեր
հին ու հալածական
գրերի հավերժական
բնակավայրն
է: Իմաստության
փոխարեն նրանք
այժմ որձաքարերի
խոռոչներից
կախված մեղր
են շինում
մարդկանց համար:
Ծծմակա Քթի
մեծ ժայռին
նստած նայում
եմ Մեղրի քարերին:
Մեղուները
մայրամուտի
ցոլքերի մեջ
վերջին պտույտներն
են գործում
իրենց քարե
փեթակների
շուրջ:
Ալվառինջ գյուղը
իմ աչքի առաջ
է: Դեպի աջ Տերգեվանքն
է, իմ մորաքրոջ
գյուղը: Գինեվարդ
մորաքույրս
խաշած ցորեն
է փռել տանիքին:
Սարի կողերով
շինականներ
են իջնում
դեպի գյուղ:
Առաքելոց վանքից
են գալիս: Գնացել
են մոմեր վառելու
Դավիթ Անհաղթի
գերեզմանին:
Մորաքույրս
ինձ մի օր վանքում
տեսնելով՝
ասաց. “Դու էլ
մի մոմ կպցրու
Անհաղթի խաչքարին”:
Ես ասացի՝
թող տերգեվանքցիք
կպցնեն, իրենց
գյուղումն
է ծնվել: “Ինչի,
դու հայ չե՞ս”,
նեղացավ վրաս
Գինեվարդ մորաքույրս
և մի դեղնամոմ
վառելով՝ տվեց
ձեռքս, ինձ
տանելով դեպի
վանքի արևելակողմը
և չոքեցնելով
մի հին խաչքարի
առաջ:
Այնքան հափշտակված
էի Ծծմակից
դեպի Մեղրի
քարերը և Ալվառինջ
ու Տերգեվանք
գյուղերը բացվող
տեսարանով,
որ աննկատելի
իջավ երեկոն:
Նախ թանձր
մթնեց, ապա
երկնքի չորս
կողմը առկայծեցին
աստղերը, ասես
իրարից լույս
առնելով:
Գեղեցիկ է
գիշերը Մշո
դաշտում:
Ահա իմ գլխավերևում
կանգնած է
Հակոբի ցուպը:
Կաթնագույն
Հարդագողի
եզերքին հետզհետե
կամար կապեցին
Լուծքն ու
Կշեռքը: Մեկը
Հավատամք լեռան
ետևից ելավ,
մյուսը՝ Մանազկերտի
բերդի: Լուծքի
աստղերը ես
հիանալի զանազանում
եմ իրարից:
Դրանք յոթ
սանամոր աստղերն
են՝ Մեծ Արջը:
Յոթից առաջինը
Մաճկալն է,
մի զույգ գոմեշ
և մի զույգ
եզ լծած: Վեցերորդը՝
Հոտաղն է Լուծքին
նստած, իսկ
յոթերորդը՝
զատվորն է,
որ մաճկալի
և հոտաղի համար
հաց է բերել
դաշտ: Զատվորի
կողքին հազիվ
նշմարվող մի
ուրիշ աստղիկ
էլ կա, դա էլ
զատվորի շնիկն
է:
Շուտով կերևա
Բույլքը:
Ուղիղ իմ դիմաց
կարմրավուն
փայլով շողշողում
է մի սիրուն
աստղ, որ մի
քիչ առաջ Նեմրութի
թիկունքից
ցատկեց երկինք:
Դու նրան մի
շփոթիր Լուսաստղի
հետ: Դա Քարվան-Կորուսն
է, որով շատերն
են մոլորվել
ճանապարհներին:
Ցուլի պարանոցի
վրա վառվեցին
Բույլքի աստղերը:
Լուսինն ու
Լուսաստղը
ելան: Ծծմակի
քթին նստած
տեսնում եմ,
թե ինչպես
Լուծքն ու
Կշեռքը, Լուսաստղն
ու Քարվան-Կորուսը
փայլփլելով
դանդաղորեն
շարժվում են
Մշո դաշտի
վրայով:
Մի աստղիկ
դեմ է առել
Մեղրի քարերին
և շունչը պահած
նայում է Սիմ
լեռան քերծերից
իրեն ժպտացող
մի ուրիշ աստղի:
Ուշ գիշեր
է: Ինչ-որ մեկը
իր արտն է վարում
դիմացի լանջին:
Երևի Ալվառինջի
շինականներից
է: Այնպես պարզ
լսվում է գութանի
ճռռոցը գիշերային
խաղաղության
մեջ: Եզները
հոգնած շարժվում
են լեռան կողերով:
Ես տեսնում
եմ նրանց կարճ
ու կեռ եղջյուրները,
որ մերթ ստվերի
մեջ են ընկնում
և մերթ ուժգին
փայլում լուսնի
տակ:
Գնացի բռնեցի
գութանի մաճը
և մինչև լուսադեմ
վարեցի: Բույլքը
այնպես պայծառորեն
շողում է երկնքում:
Այդ այն ժամն
է, երբ ուղևորները
ասում