ՀԻՎԱՆԴԻ ՀԵՎՔԵՐ

(Ցայգերգ)

I

Վանդակին մեջ փակված հեք
Թռչնիկին պես մենավոր,
Բանտըվեցան սրտիս սեգ,
Վարդ բաղձանքները բոլոր:

Դուրսն ամեն բան կը խայտա,
Ծառ ու ծաղիկ կամ դալար.
Սրտիս մեջ սև պար մը կա
Նվագներու տրտմալար:

Թռչնոց ճիչին պես հիմար
Եվ նվաղկոտ կ’երկերին,
Թույլ խաղերու մեջ տկար`
Մութ երգերս կ’երկարին:

II

Լուռ քերթված մը կապույտի
Կ’երգե ցայգը լուսավոր.
Լույս երգերով կը ժպտի
Ցերեկներուն հոծ ժըխոր:

Մայթին վրա մոտավոր
Քայլերը միշտ կը շտապեն.
Արձագանգ մը հեռավոր
Թողլով իրենց ըշտապեն.

Կապված անոնց շշուկին
Կու լա սիրտս սըգավոր,
Խուլ թափի մը մեջ ուժգին:
Պատուհանեն հեռավոր,

Երգեհոնի ձայնը մը ցունց
Կը հանե սիրտըս տխուր.
Իր շեշտերուն թափն ու ցունց
Կը խռովեն զիս անլուր:
III

Անշարժ կեցած մեկուսի
Կը հեծեծեմ սգավոր.
“Վայելքն ինձմե կը խուսի,
Կը հատնի կյանքն օրե օր:

Պիտի ըլլա՞ օր մ’արդյոք,
Որ դառնամ հին օրերուս.
Պիտի շնչե՞մ լիաթոք
Զվարթությունն անոնց կույս…”:

Բայց բնության հըրճվանքեն
Հույս ու ժպիտ կը քաղեմ.
Լույսեր հանկարծ կը ճեղքեն
Մտածումներս դժխեմ:

Եվ անուրջներ ոսկեզօծ`
Լուռ` մտքիս մեջ կը պարեն,
Դուրս վանելով անոնց հոծ
Թուխպը լույսի փապարեն:

1903, հունվար 29, 30, 31