ԱՅԳԵՐԳ

Այգն է ծաղիկ երազով ու բալաձիգ` թեթևորեն.
Մըշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կը հոսի.
Իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսին.
Այգն է ծաղիկ երազով ու բալաձիգ` թեթևորեն:

Երկու բոցե թևերի մեջ ծովանըկարն է սխրալի՜.
– Կապույտի՜ փառք ամրափակված շրջագիծով ոսկեդրվագ,–
Ուր ցնծալից թևճակներու հեշտերգն ունին կուր ու նավակ. Երկու բոցե թևերու մեջ ծովանըկարն է սխրալի՜:
Պիտի ըմպե՜մ բոցն արևին, ճառագայթի՜ եմ ծարավի.
Պիտի ծըծեմ բույրն առտըվան`հոգվույս համար` որ հիվա՜նդ է.
Հոգվույս համար` որ կերազեր գգվոտ ու մեղմ շունչն հարավի,
Պիտի ըմպե՜մ բոցն արևին, ճառագայթի՜ եմ ծարավի:

Քիչ մըն ալ դո՛ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար` որ հիվա՜նդ է.
Նայվածքի խաղ` որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ,
Տարիներով իմ երազս էր սիրո գարուն մը խաղաղիկ,
Քիչ մըն ալ դո՛ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար` որ հիվա՜նդ է:

Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի,
Զերթ արևին լեզվակն ոսկի` որ կը ծըծե մըշուշն այգուն.
Ո՞ւր է ճաճանչն, հուրքը ջերմին` որ մառախուղն առնե տանի,
Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի: