ՑԱՅԳԱՆԿԱՐ

Համատարած անդորրության մը մեջեն,
Կիսաթափանց մըշուշներուն մեջ հալած
Ուրվագիծը տուներու`
Որոնց լայնաքթիթ պատուհաններեն
Կը ժայթքեն
Լույսի ցայտքեր` տարփագին ծաղիկներուն պլլըված:
Ու հեշտոտ ու մարմըրուն
Աղաղակն ալ նըվագներուն լարավոր
Կը ծաղկեցընեն դյութանքն անդորրիկ,
Գիշերվան մը երջանիկ:
Ու կ’երկարի՜, կ’երկարի՜
Խմբանկարը տուներուն`
Տարտամորեն փաթթըված
Մեջն ապրշում մըշուշին,
Ու լայննալո՜վ, լայննալո՜վ
Դեպ ի ծովափն` ու երկչոտ
Կըսպասե
Ալիքներու համբույրին:
Ու եզերքեն հանդիպակաց,
Ծայրը դալար հրվանդանին,
Ուր վաղուց
Մեռան ճիչերը ցորեկին,
Ծովին փոթ փոթ երանգածուփ թավիշին վրա
Միապաղաղ կ’անդրադառնա
Ուրվանըկարը խուսափուկ
Լույսի ծըփուն ծաղիկին`
Որ կը ծըլի փողփողուն ծովեզերքի փարոսեն:
Ու դեռ հեռուն,
Քաղաքեն ու բացավայրեն ալ անդին,
Կ’ընդնշմարեմ արտևանները ցըցուն
Մանիշակե լեռներուն
Մարմաշի մեջ պլլըված
Հսկա հարսեր հեշտամոլ`
Որոնց տարփանքը կըզգաս
Հեռուներեն, հեռուներե՜ն…
Ու կը լըսեմ վարերեն թևճակներու նըվագն ալ,
Ջուրերուն վրա թըրթըռուն,
Ու կը լըսեմ ծաղիկներուն ալ երգը
Աղաղակ մը սիրածուփ`
Սահած ծոցեն դաշտերուն`
Ուր ցաները կը վետվետին սիրատարփ:
Ուր երկինքն ալ կը քնանա,
Կապույտներու խորհուրդին մեջ երազելով
Վաղորդայններն երջանիկ: