ԻՐԻԿՆԱՅԻՆ

Հորիզոնեն վար` քայքայված ու ցրվուն`
Ոսկինարգես շառայլի փունջ մը կ’իյնա`
Իրենց մորկան կաթին կանչող ուլերուն
Ժեռուտ ճամբեն գյուղակ դարձող հոտին վրա:
Բաժնըվեցան իրարմե արփ ու մըշակ,
Լուռ ձեռքերնին ճակտին դրած մեկմեկու.
Ու` թիկադարձ` արևն ալ տուն կը դառնա
Լեռներեն վեր` ինչպես մշակն իջավ գյուղ.
Առանց գոլին զույգ մ’հոգածու ձեռքերու,
Բացավայրին մեջ կը մնան հասկ ու շյուղ,
Գիշերին հետ անգա˜մ մըն ալ միս մինակ...

Սարերուն վրա կանանչ լույս մը կը ցաթի,
Աղբյուրներուն կ’ելլե խմբերգն արծաթի...
Օղամանյա՜կ մ’ըլլամ ես թանկ ու անմարմին.
Ու շուշփա մը` հաղորդությանըդ կաթնաձիր.
Գետեն անդին կանչե՛ս ինծի. Անցի՜ր, անցի՜ր.
Մեծ դյութության կայծակ մը տաս մըթար հոգվույս,
Ա՜հ, չըգայթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս.
Թող համբուրե՛ աչքըս ջահումն աչքերուդ կույս,
Ու չը գաթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս:
Երազներու սատափ ճամբեն ցրվե ամպեր.
Եվ իղձերուս կապույտին վրա, վարդ ամպը դուն,
Վարդ ամպն եղիր` մերթ լուսինկան պատմուճանող.
Դո՛ւն, աստվածյան գեղեցկության արփավո՜ր հարս,
Սրբության կո՜ւյսը ձյունաձիր ու հըրավարս:
Գիշերին մեջ կ’իջնե դեռ ուղխը լուսեղեն,
Կաթիլ մը կաթ` ծովացած քու սրբութենեն.
Ու տե՜ս, ահա՜, կը մանկանամ, Աստվածամար,
Ու տե՜ս, ահա՜ կը մանկանամ գիշերին մեջ`
Ուր լըսեցի ես ատվածյան ձայնին վայրէջ`
Որ կը շաչեր ատվածարյալ հոգվույս համար: