ԱՆՁՐԵՎ

Համբույրն անձրևին կը թրջե շափշափ
Վարդե գիծն անտես բերանի մը շուրջ.
Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ,
Որ կը տամկանա, գաղտ ու հապըշտապ,
Իմ ծարավահյուծ, իմ որբևայրի
Իրիկուններուս շուշանին վրա լուրջ:

Անձրևոտ գիշեր, գըթա՜ծ քահանա,
Թոթվե՛ սրբենի այդ տեղատարափ,
Զերթ մասունքի ջուր, մինչև որ լենա,
Մինչև որ լենա՛ բաժակն այս պարապ
Իմ երազներուս` որ ոսկեմըրափ
Կեցեր է ցրտոտ մարմարին վըրա:

Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, ո՜հ, աս ի՜նչ անլուրջ
Կու տաս դուն ինծի, անձրևո՜տ գիշեր,
Դո՛ւն, բարեբարի, գըթա՜ծ քահանա,
Որ հին Լլկանքին ժողվեցար փուշեր,
Եվ հնչեցուցիր բարբառդ` ոսկի՜ մուրճ`
Որ մտքիս նոր նոր դուռեր կը բանա…