ՁՅՈՒՆԻ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ

Պարն է ձյունին, փըսփըսուքը պարիկներուն,
Որ տանիքին վըրա ճերմակ էջ մը կ’ըլլա`
Ուր կը հածի գիրն անուրջիս իմ օրորուն.
Որ հոգվույս մեջ ալ ըսպիտակ հորձք մը կ’ըլլա,
Ու կը խուժե սարերեն վար գորշ խոհանքիս:

Եվ արևի՜ն կըսպասեմ ես ցնծապատար,
Միտքս երազով լեցուն համակ, ձեռքըս ծափո՜վ.
Ունկնդրելու զանգակն անոր պատարագին,
Ու դիտելու լույսե աղջիկն` որ պիտի տար
Առջի բոցը` հուզումներուս մարած ճրագին:

Ու տոնելու` ճերմակին փառքն այս ձյունեղեն,
Որ կապույտին կը լըծորդվի հորիզոնին,
Ու կանչելու համար հոգվույս մեջ վերըստին
Ճերմակ հույլ մը վաղընջական անուջներեն,
Ու ծիածան մը գույներե վայրավատին: