ՄԵՌԵԼՈՑ

Ձըմեռ օր մը, ձյունին մեջեն, մի՜ս մինակ,
Ձյունին մեջեն, տարի դամբանն իմ հոգվույս,
Ժըպիտով մը ծընած նախկին սեր մը կույս.
Ըսպիտա՜կ վարդ` որ սառեցավ ձյունին տակ:

Գարուն մըն էր, և համբույրով մը բացված
Դամասկյա՜ն վարդ, գինով արփին գաղջ գոլեն,
Նըվաղեցավ ուրիշ սեր մը. սե՜րն, Աստվա՜ծ`
Զոր թաղեցի` հուսատ` կյանքին կանչելեն:

Ամրան վերջն էր, նայվածքով մը բողբոջած
Դեղին վա՜րդս ալ ինկավ աշնան շունչին տակ.
Զայն վերցուցի` արդե՜ն եղած հիշատակ`
Ու նետեցի փոսին մեջ, ցա՛ծ, ա՜հ, շա՜տ ցած:

Հիմակ ամեն մեռելոցի ես կ’երթամ
Անոնց մարմար դամբանին վրա ցրտաշունչ,
Աղոթքով մը, կորած մեգին մեջ տարտամ
Անոնց հուշքին, մշտաթափառ, լուռ ու մունջ:

Ու մըտածումս ալ, հե՜ք նժդեհ քահանա,
Խաչ հանելով կ’ըսե բառեր լուսեղեն.
Ու նայվածքըս կը բաժնըվի երբ հողեն,
Հոգիս զանոնք անգա՜մ մըն ալ կը մոռնա…