ԱՅԳԱՅԻՆ

Տանիքներուն վրա մըշուշը սնդուս լաթեր կը փռե,
Ճամբաներուն վրա արևը` շոգոլիներ ոսկեման:
Որմին մոտիկ սըրինգն անվերջ` մեղեդիներ արույրե,
Որմին վըրան` աքլորն ըսթափ զարթոնքի ճիչն անսահման.
Որմին դիմաց աղջընակ մը տարփոտ երգեր կ’ոլորե:

Աղավնիներ, լաչակներու պես մետաքսե գունագեղ,
Ճամբե ճամբա կը թռչըտին թույլ ծածանքով վաղանցիկ:
Աղբյուրին լուրջ ջուրերուն մեջ Ճառագայթ մը կ’իյնա շեղ,
Աղբյուրին հարթ քարին վըրա` ձայնն հոտաղին երգեցիկ,
Աղբյուրին զով ծորակին հուպ` համբույրն հովին առտըվան:

Խա˜չ հանեցեք ու ծա˜փ զարկեք, կարմրություններ հինայի
Եվ արփածին թույրեր հագած` առտուն մեզի կը նայի:
Ծառերուն վրա թռչուններու խմբերգն հիմակ կ’անձրևե,
Ծառերուն տակ ծիծաղը ջինջ, մանկան` հոգնած կաքավե,
Ծառերուն քով բույրը ծաղկին` ամեն գույնե ու ձևե...