ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՄԸ

Ա

ԳԱՐՆԱՆ ՀՅՈՒՂԸ

Դաշտին գոգը` արահետի մը եզերք`
Հյուղակ մը կա կանանչներով ողողված.
Իր առջևեն կ’անցնի ամեն տըվարած,
Ճնճղուկներուն կը կարկաջե հոն խմբերգ,
Ու տատրակներն ալ` ծիածան ուլերով`
Քմշոտ գիծ մը կը գըծեն շուրջն երազե:
Ու պորերը, խոշոր շարժուն շուշաններ`
Կ’երազեն մեջն ավազանին տաղին զով,
Ուր ծորակին մեներգն անվերջ կը վազե:
Մասրենիներ, վարդենիներ, մորիներ
Հոն, ձեռքձեռքի, դարձպար մըն են բոլորեր.
Ծաղկանույշներ, ապրիմմեռնիմ, մանիշակ`
Բուռ բուռ բերեր որմերուն տակ են ցաներ;
Թաղարներեն մեխակի հույլ մ’աչվըներ
Կը ժպտերգեն հյուղին հրճվանքն անապակ:
Օ˜հ, գաղջ ավիշն` որ չորս կողմեն կը պոռթկա`
Ընձյուղներով, շաքիլներով անհամար.
Օ˜հ, արևոտ խայտա˜նքն արբուն աղջըկա`
Որ կը զեղու բորբոք, արբշիռ ու հիմար,
Կուրծքեն գարնան` որ թևերովն իր բաղեղ`
Տարփո˜տ` հյուղին կը պլլըվի, ու հեղեղ
Կանանչով մը կու տա համբույրն իր դալար:

Բ

ՀՅՈՒՂԱԿԻՆ ԳԱՐՈՒՆԸ

Բերնիս քսած էր բաժակն մեղրակաթ
Համբույրներու` նայադը ծով երազին.
Ու չըլըքած դեռ ափունքները ակատ
Շրթունքներու` քունես ընդոստ արթնցա:
Ու գրկիս մեջ գըտա առտուն լուսոռագ.
Առտուն, մանուկ` որ զերթ ծաղիկ կը ցնծա`
Եվ հոգիին կը բերե բույրն իր նորոգ:
Եվ ամեն կողմ երթալ ուզող զերթ մանուկ`
Առտուն` իմ ալ թևես բռնեց ու տարավ
Բըլուրեն վեր, դեպի դաշտերը տամուկ:
Եվ անապակ իր աչքերուն նայեցա,
Եվ աշխարհնե¯ր տըվավ հոգվույս իբր ընծա.
Հորիզոններ` ուր լույսն անհուն կը ցնծա:
Եվ հոտևան ձեռքին եղա ուշադիր`
Որ շեշտակի Գարնան Հյուղը ցույց կու տար,
Որուն դըրան առջին կանգուն կը խայտար
Ծաղկապատար Հյուղին Գարունն անպատիր:
Ծաղիկ մըն էր, ա՛ն ալ, փափուկ ու բուրյան.
Ծաղիկ` վարսերն ոսկինարգես` ու ծաղիկ`
Թարթիչներն ու աչքեր, ճակատը շուշան,
Եվ այտերը կակաջ, բերնակն ատրուշան,
Թուշը շափրակ, այծտերևի` իր ձեռքեր:
Եվ հոգին բուրմունքի հեշտ երգն ուներ,
Արփիացող, ջերմին ինչպես ծաղկանոց:
Ու կը կանչեր գունեղ Գարունն Հյուղին` զիս
Իր համբույրին` ինչպես նայադն երազիս...

 
Գ

ԵՐԳԸ

Ժամը վեցն է. հյուղակը ծառերուն դեմ կը խնդա,
Ու չարանճար հովիկն ալ` ծաղիկներուն խաղընկեր`
Կը պղպջա անհանդարտ, պզտիկ երգեր կը կարդա,
Եվ կամ նայիս մերթ գաղտնի լըճակին ծոցն է ինկեր:
Ես երազուն, ջըրեզրի ուռենիին կռթընած,
Միջօրեին մեջ անհետ` թելն ըղձանքիս կը փնտռեմ
Մըտամոլոր. և հանկարծ նուրբ կամրջակ մը ոսկի`
Հյուղեն երգ մը` կ’երկարի մինչև ափունքը նըսեմ,
Մինչև ափունքն իմ հոգվույս` ուր կոհակ մը հեղակարծ`
Ոսկի գետեն արևին` եղկ ու հանդարտ կը պառկի:
Օ¯հ, Գարունն է Հյուղակին, շատըրվանը իմ հոգվույս`
Որ լուսասփյուռ ցայտք մըն ալ ինծի նըվեր կը խրկե.
Ու միջօրեն բովանդակ մետաքսահյուս ցանց մըն է,
Ուր բռնըված կը կանչե բաղձիկ թռչնակն իմ հոգվույս:
Պիտի սիրե˜ քեզ հոգիս, պիտի սիրե՛, սիրո˜ղ ձայն,
Քու հոգիեդ բաժնըվող ցայտուն կոհակն արծաթի`
Որուն փըշուրն անհամար աստղերու պես կը ցաթի
Տիեզերքին մեջ հոգվույս` ուր ոլորտներ կ’իյնան լայն...

 
Գ

ՄՐՈՒՐԸ

Իրիկունը, մետաքսներու պես փափուկ,
Իրիկունը` շարբաթներու պես քաղցր է.
Իրիկունը բաժակն է` շուրթը տամուկ`
Զոր նայադ մը հըրամցնել կը բերե:

Օ¯հ, զիս հիմակ Հյուղակին դուռը տարեք,
Լուսաշապիկ օդանույշներն իրիկվան,
Ավազանին մոտ, ուռիին շուքին տակ`
Օ¯հ, զիս հիմակ Հյուղակին դու¯ռը տարեք...

Այս բաժակին հեղուկն ո¯րքան հոտևան,
Այս բաժակին հեղուկն ո¯րքան հեշտին է.
Թավուտքներուն մեջը քիչ քիչ կը մթնե°.
Պիտի փշրի¯, ավա¯ղ բաժակն իրիկվան...

Շրթունքներըս վերջին պուտին են ծարավ,
Ու ես Գարնան Հյուղին տարփոտ շուքին տակ
Կը մոտեցնեմ երկչոտ` բաժակն իմ բերնիս.
Դիրտ մը կա հոն, զոր հեգ հոգիս դժվարավ

Ու դառնությամբ կ’ըմպե մինչև իր հատակ.
Հյուղին կույսն է` որ մըթնշաղն իմ սրտիս
Կը սևցընե` հեծկլտուքով մը գիշեր...

Կը հեծեծե¯, ու չի¯ գիտեր թե քարին
Քսվող սի°րտս ալ ինկավ ցայգուն մեջ խորին:

 
Ե

ՀՅՈՒՂԻՆ ԱՇՈՒՆԸ

Այծամարդեր հովին քընարն են կապտեր,
Ու պարտեզին մեջ անդադար կը զարնեն
Խառնանըվագ եղանակ մը խոլական,
Որուն ջուրն ալ կը խառնե մերթ իր կերկեր:
Շահպրակները մընացեր են առանձին,
Լըճակին շուրջ, թաղարներու մեջ թիթեղ,
Ուր կայլակ մը կ’իյնա կարմիր, ամեն հեղ
Որ հովն անխիղճ ենթարկե ծառն իր ցունցին:
Հյուղն աներազ կու լա ժըպիտ մը դաժան.
Պատուհաններն` անվարագույր, անթաղար,
Տժգույն բաղձանքն ունին լույս ու կապույտի:
Ու ցավագին և անթարթիչ զերթ կոպեր,
Ուր անծաղիկ աշնան մը թուխպը խաղար`
Հոն անանուն թախծություն մը կը փթթի:
Բայց, երիզված ժապավենով ճառագայթ`
Ամպերու գորշ վիժակներու ետևեն`
Կ’երևա բիլ շարեշապիկ մը անգայտ`
Որ երազել կու տա հյուղին, ոսկեղեն
Պերճությունը նոր գարունի մը կույսին...